Թուրքական Milliyet պարբերականը գրում է, որ այս օրերին Իսրայելի ու Իրանի միջեւ լրտեսական պատերազմներ են տեղի ունենում Ստամբուլի փողոցներում։
Ըստ պարբերականի՝ Իսրայելի հետախուզական ծառայության՝ Mossad-ի հատուկ ջոկատայինները Ստամբուլի Բեյօղլու թաղամասից առեւանգել են իսրայելցի մի խումբ զբոսաշրջիկների եւ զրահապատ միկրոավտոբուսով տեղափոխվել ուղիղ դեպի օդանավակայան։
Milliyet-ը, հղում անելով իսրայելական մամուլին, նշել է, որ եթե Mossad-ը չառեւանգեր իսրայելցի այդ զբոսաշրջիկներին, նրանք գնալու էին հյուրանոց, որտեղ ընկնելու էին իրենց դարանակալած իրանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ձեռքը։
«Այն պահին, երբ պարզվեց, որ Ստամբուլ եկած իրանցի գործակալները պատրաստվում են առեւանգելու եւ սպանելու Իսրայելի քաղաքացիներին, սկսվեց լրտեսների պատերազմ, որը բնավ նման չէր Ջեյմս Բոնդի ֆիլմերին»,- գրում է Milliyet-ը։
Ըստ Milliyet-ի՝ ներկա դրությամբ շուրջ 2000 իսրայելցի զբոսաշրջիկներ դեռ Ստամբուլում են, եւ նրանց հրահանգվել է չլքել հյուրանոցի համարները։ Իսրայելական աղբյուրները պնդում են, որ Անկարան Թեհրանին վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով իր տարածքներում հատուկ օպերացիաներ չիրականացնել։
Գործում է դոմինոյի արդյունքը
Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ վերջին մեկ ամսում հաջորդաբար սպանվեցին ռազմական եւ գիտական նշանակալի կշիռ ունեցող իրանցիներ։
Մասնավորապես Իրանի հեղափոխական գվարդիայի բարձրաստիճան սպա Հասան Սիադ Խոդայի առեղծվածային սպանությունից հետո թունավորվել է ավիացիոն փորձագետ, գիտությունների դոկտոր Այուբ Էնթեզարին։ Նույն օրը սպանվել է Նաթանզի միջուկային օբյեկտի ատոմային ռեակտորի աշխատող միջուկային ֆիզիկոս Քամրան Մալապուրը։ Իսկ հեղափոխական գվարդիայի գնդապետ Ալի Իսմայիլզադեն էլ հանկարծ ընկել է իր տան տանիքից եւ մահացել։
Սաուդյան Արաբիայի աջակցությամբ գործող, Իրանի իշխանություններին ընդդիմադիր աղբյուրներն էլ հայտնել են, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար Հուսեյն Թայեբը, ի պատասխան վերոհիշյալ անձանց սպանությունների, թիրախավորել է Թուրքիայում հանգստացող կամ աշխատող Իսրայելի քաղաքացիներին:
Պաշտոնական Թեհրանը միայն մեկ անգամ է արձագանքել բոլոր այս պնդումներին՝ նշելով, որ մեկ այլ երկրի տարածքում իրենք մտադիր չեն վրեժ լուծել Իսրայելից։