Հայաստանի Կառավարությունը բանակցություններ է վարում Վրաստանի Փոթիի նավահանգիստը շահագործող խոշորագույն նավային հոլանդական APM ընկերության հետ, որպեսզի հայկական լաստանավային փոխադրումների նկատմամբ սահմանափակումներ չկիրառվեն։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հավելել է, որ APM-ը արդեն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ։
«Հիմա բանակցում ենք, որ մեր լաստանավերի վրա այդ պատժամիջոցները չկիրառվեն։ Եվ, ըստ էության, իրենք իրավունք էլ չունեն»,- շեշտել է Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը հայտնել է նաեւ, որ APM ընկերությունը հայաստանյան լաստանավին Փոթիի նավահանգստում աշխատելու պաշտոնական թույլտվություն առ այսօր չի տրամադրել։ Վրացական «Փոթի» ու ռուսական «Կովկաս» նավահանգիստների միջեւ կանոնավոր լաստանավային հաղորդակցության մեկնարկը, որը պետք է տրվեր հունիսի 15-ին, տեխնիկական պատճառներով հետաձգվել է։
Նախարար Քերոբյանն ավելի վաղ ասել էր, որ եթե Փոթիի տարբերակը չհաջողվի, Հայաստանն ունի «Բ» պլան. լաստանավը կգործարկվի Բաթումի նավահանգստից, թեեւ Փոթին ավելի մոտ է ու հաղորդակցության առումով՝ ավելի հարմար: