ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» (ԿԲԱԿ) տնօրեն Սուրեն Նազինյանը հայտնել է, որ ՀՀ-ում տարեցտարի աճում է թմրամիջոց օգտագործողների թիվը. եթե 2021-ի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը եղել է շուրջ 7100, ապա 2022-ի հունվարի 1-ի դրությամբ՝ արդեն 7570։
Նրանցից 4694-ն, ըստ Նազինյանի, գործածել են կաննաբինոիդներ։ Թմրամիջոց օգտագործողների թվի մեջ են նաեւ «Spice» օգտագործողները։ 2868-ը գործածել է ափիոիդներ, եւս 8 անձ` կոկաին։ Սուրեն Նազինյանը նշել է, որ թմրամիջոց օգտագործողների 70%-ը 30-50 տարեկան անձինք են։
«Սակայն վերջին շրջանում տեսանելի է, որ թմրամիջոցների գործածումը բնորոշ է դարձել նաեւ ավելի երիտասարդների, երբեմն էլ՝ դեռահասների շրջանում»,- նշել է Նազինյանը։ Նա հավելել է, որ թմրամիջոց օգտագործող հաշվառված կանայք 170-ն են։ Նրանք գործածում են օփիոիդներ եւ կաննաբինոիդներ։
Նազինյանն ընդգծել է, որ ներկայացված թվերի մեջ են ոչ միայն բուժում ստացող անձինք, այլեւ նրանք, ովքեր իրավապահ մարմինների որոշումներով ուղեգրվել են հետազոտության։
Նոր տեսակի թմրամիջոցները՝ լուրջ հոգեկան խանգարումների պատճառ
«Մեր ստացիոնար բաժանմունքում այժմ 3 կին պացիենտ բուժվում է, իսկ փոխարինող բուժում ստանում է 7 կին»,- նշել է Նազինյանը։
ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության եւ բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գեւորգ Փաշիկյանն ընդգծել է, որ թմրամիջոց օգտագործողների թվի աճը պայմանավորված է նոր սինթետիկ թմրամիջոցների տարածմամբ։ Նա հավելել է, որ սինթետիկ տեսակի թմրամիջոցների հայտնաբերումը փոքր-ինչ դժվար է։
«Եվս մեկ վտանգ կա. այդ նոր տեսակի թմրամիջոցները լուրջ հոգեկան խանգարումների պատճառ կարող են դառնալ` պսիխոզից մինչեւ թուլամտություն։ Առաջին իսկ օգտագործումից հետո կարող են դիտվել սուր հոգեկան խանգարումներ, որոնց դեպքում ստացիոնար բուժումն անխուսափելի է։ Շատ հաճախ նման խանգարումները դառնում են քրոնիկ ու անբուժելի»,- նշել է Փաշիկյանը։
Թմրամիջոց օգտագործողը վտանգում է իր առողջությունը, ենթարկվում ֆինանսական եւ սոցիալական խնդիրների բարձր ռիսկի
Ափիոիդներ կամ ափիոնատիպ նյութեր․ քնաբեր կակաչից (Papaver somniferum, խաշխաշ) ստացվող եւ արհեստական եղանակով սինթեզվող թմրամիջոցների խումբ են, որին են դասվում հերոինը, մորֆինը, կոդեինը, մեթադոնը, բուպրենորֆինը, դեզոմորֆինը եւ այլն։
Կաննաբինոիդներ․ քիմիական միացություններ, որոնք ազդում են բջիջների կաննաբինոիդային ընկալիչների վրա՝ ճնշելով ուղեղում միջնորդանյութերի արտազատումը։
Սփայս կամ արհեստական կանեփ («Spice» կամ Synthetic cannabis, synthetic marijuana), բույսերի վրա ցողվող արհեստական հոգեներգործուն միջոցներ, որոնք նմանակում են կանեփի ազդեցությանը։
Կոկաին․ հարավամերիկյան կոկայի թփի տերեւներից պատրաստվող թմրամիջոց է, որի օգտագործումը բազմաթիվ ծանր հետեւանքներ ունի: Կոկաին օգտագործողները վտանգում են իրենց առողջությունը, ենթարկվում ֆինանսական եւ սոցիալական խնդիրների բարձր ռիսկի: Կոկաինի օգտագործումը նաեւ կապված է քրեական վարքագծի հետ եւ կարող է ունենալ մահացու ելք:
ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը 1987-ին հունիսի 26-ը հռչակել է թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր: