Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը խորհրդարանում իր կաբինետին անվստահություն հայտնելու համար մեղադրել է բուլղարացի երեք քաղաքական գործիչներին եւ Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովային։
Միտրոֆանովայից բացի՝ իշխանությունը տապալելու համար Պետկովը մեղադրել է նաեւ գործարար եւ նախկին պատգամավոր Դելյան Պեեւսկուին, GERB կուսակցության ղեկավար Բոյկո Բորիսովին եւ «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցության ղեկավար Սլավի Տրիֆոնովին։
Բուլղարիայի պաշտոնաթող վարչապետը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը երկիրը կոռուպցիայից ազատելու եւ Բուլղարիան բնականոն ընթացքով զարգացող եվրոպական երկիր դարձնելու համար:
Սոֆիայում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ չի մեկնաբանում Բուլղարիայի ներքին գործերն ու երկրի վարչապետի հայտարարությունները։