Ընդդիմադիր գործիչների մեջ հեղափոխությունը հաջողելու գործում Իշխան Սաղաթելյանից պակաս եռանդուն չէր Գեղամ Մանուկյանը։ Հենց Գեղամ Մանուկյանի գործողություններն էին շատ դեպքերում հիշեցնում, որ նա փորձում է նմանվել Նիկոլ Փաշինյանին։ Հենց նա էր առաջինն ասում՝ բոլորը հատ-հատ պատասխան են տալու, առանց Նիկոլ Հայաստան։ Նա էր փակում արագաչափերը, ինչպես 2018-ի ապրիլին անում էր Փաշինյանը։ Մի խոսքով՝ Գեղամ Մանուկյանը փորձում էր լինել դեռեւս չմեռած հեղափոխության հարուցիչը։ Գիտե՞ք՝ ինչու։ Տրամաբանությունը պարզ է։
«Ես ինչո՞վ եմ պակաս Նիկոլ Փաշինյանից»,- մտածել է Գեղամ Մանուկյանն ու անցել գործի։ Եվ իսկապես։ Հայաստանում չկա մեկը, որ որեւէ բանով պակաս է Նիկոլ Փաշինյանից։ Գեղամ Մանուկյանն ուղղակի չի հաղթահարում ցնցումը, թե ինչու Փաշինյանին հաջողվեց հեղափոխությունը։
Ինչո՞վ էր Գեղամ Մանուկյանը պակաս Նիկոլ Փաշինյանից։ Ոչնչով։ Բայց այդպես երկու հոգին իրարից ոչնչով պակաս չեն, ուղղակի մեկը աղքատ է, մյուսը՝ հարուստ, մեկը Էյնշտեյն է, մյուսը՝ այդպես էլ կրթություն չստացած։ Ոչ ոք ոչ մեկից ոչնչով պակաս չէ։ Հարցն այն է, թե ինչ կարիք կա, որ այդ պակասավորը որոշի լինել մյուսը, որից ոչնչով պակաս չէ։
Ընկերս պատմեց մի դեպքի մասին։ Անկախության առաջին տարիներին հանդիպել է մտավորական ընկերոջը։ Տեսնում է՝ անտրամադիր է։ Ի՞նչ է եղել։ Ասում է՝ բիզնես սկսեցի, տակ տվեցի։ Խոսքը երեւի մանր-մունր իրերի կամ քաղցրեղենի վաճառքի մասին է, որով իրենց բիզնեսն այն ժամանակ սկսում էին շատերը։ Հարցնում է՝ բայց դու ի՞նչ գործ ունեիր բիզնես ձեռնարկելու հետ։ Մեր մտավորականն ասում է՝ մեր շենքի Գագոն սկսեց, հարստացավ, մեքենա առավ, մարդ դարձավ, ես նրանից ինչո՞վ էի պակաս։
Գեղամ Մանուկյանը նույն կերպ է մտածել։ Ոչ ոք նրան չէր ասել՝ պետք չէ ինչ-որ մեկից լինել պակաս, կարելի է ինչ-որ մեկին վերցնել որպես օրինակ՝ հասնելու այնպիսի տեղեր, որտեղ այդ ինչ-որ մեկը չի եղել։ Ինչ-որ մեկը կարող է լինել ցատկահարթակ իր արժեքներով՝ նյութական կամ մշակութային։
Գեղամ Մանուկյանն այդպես չվարվեց։ Նա այդպես չվարվեց, որովհետեւ չդիտարկեց անեկդոտի գլխավոր յուրահատկությունը՝ երկրորդ անգամ պատմելիս այն այլեւս ծիծաղելի չէ։ Պետք է պատմել բոլորովին ուրիշ անեկդոտ։
Գեղամ Մանուկյանը չդարձավ Նիկոլ, որովհետեւ նա ուզում էր դառնալ հենց Նիկոլ։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: