Մայիսյան գյուղի հողօգտագործողներն ասում են՝ դաշտերն անջուր թողնելու վտանգի առաջ են կանգնած: Բնակիչներն ահազանգում են՝ եթե անցած տարի աննախադեպ երաշտն էր արտերի չորանալու պատճառը, այս տարի «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությունը պայմանագիր չի կնքում իրենց հետ:
Իսկ եթե պայմանագիր չունես, չունես նաեւ ոռոգման ջուր: Թե ինչու ընկերությունը բնակչի հետ պայմանագիր չի կնքում, պարզվեց՝ խնդիրը տասնամյա վաղեմություն ունի: Ջուր տվող ընկերությունն ասում է՝ 2011 թվականից կուտակված պարտքեր ունեք, արտերը ջրել, գումարը չեք տվել: Մայիսյանցիները հակադարձում են. նախապես գումարն են տվել, ինչից հետո միայն ջուրը մտել է հողատարածք:
«Ում եք տվել գումարը» հարցին գյուղացիները պատասխանում են՝ այդ ժամանակվա ջրբաշխին: Իսկ ջրբաշխը մահացել է:
Ինչպե՞ս եղավ, որ առանց այդ պարտքը մարելու անցած տարիներին պայմանագիր են կնքել բնակիչների հետ, այս տարի չեն կնքում: Ցանքատարածությունների չորացման վտանգից անհանգստացած մայիսյանցիները մի մարդու նման պնդում են, որ պարտքի մասին առաջին անգամ են լսում:
Մայիսյանցի Արկադի Վարդանյանը փաստեր է պահանջում: Ասում է. «Դուք այդ տարիներին անգամ հիմնարկ չունեիք, համակարգիչ ու տարածք չունեիք: Այդ ո՞ր արխիվից պարտքերի ցանկ հանեցիք: Այդ թվականներին անդորրագիր հասկացություն չկար, որ վերցնեին գյուղացիները: Հստակ կանոն էր՝ գումարն առձեռն տալիս էին ջրբաշխին, արտը ջրում»: Արկադին պնդում է, որ ընկերությունը պատշաճ կերպով բնակչին տեղեկություն եւ ապացույց ներկայացնի, թե որ օրը որ ժամին որքան ջուր է տվել:
Արշակ Մովսիսյանը գնացել է պայմանագիր կնքելու, ասել են՝ 62000 դրամի պարտք ունես: «Հողօգտագործողը մեզ անստորագիր, անհասցե թվերի ցանկ է ցույց տալիս: Սա պարտքացուցա՞կ է, սա ծանուցո՞ւմ է: Էս որ էսպես ճոխ գրել են՝ իբր պարտք եմ, բա ինձ ինչպե՞ս են շարունակել ջուր տալ մինչեւ անցած տարի»:
Գյուղատնտեսը պնդում է, որ անգամ 2021 թվականին պարտք լինելու մասին են տեղեկացրել իրեն: «Դրա չեկը մոտս էր, ապացուցեցի, որ տվել եմ, բա մյուսներն ի՞նչ անեմ: Ես ի՞նչ անեմ, որ դուք անփույթ եք: Վերջը օրենք կա՞ էս երկրում, մի բանի համար ինչո՞ւ նորից վճարեմ»:
Սուրեն Հակոբյանին «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությունը նույնպես անակնկալով է դիմավորել. 63000 դրամ էլ իրենից են պահանջել, որպես 12 տարվա կուտակած պարտք: Սուրենը պնդում է՝ ինքը պարտք չունի: Հարցնում է՝ հիմա եթե բերքը վառվի, ո՞վ է տերը: «Պարտք էի, թող մի հատ զգուշացնեին, 10 տարվա մեջ գոնե մեկ անգամ ակնարկեին: Հիմա հասել է օրը, նոր եք ասում, որ ստիպված տա՞նք»:
Հողօգտագործողն ասում է՝ հարցը սեղմ ժամանակում չլուծվելու դեպքում ճանապարհ կփակեն: «Թող մի անգամ էլ մեր ձայնը բարձրանա, ինչո՞ւ մեզ չեն լսում»:
Կարեն Մինասյանը Մայիսյանի նոր ջրբաշխն է: Ասում է՝ հիմա ջուրը տալիս է, անդորրագիրն էլ՝ հետը: Դժգոհում է. 2010-2012 թվականների պարտքացուցակ են տվել, ասել՝ գնա՛, հավաքի՛: «Պարտք են, թե ոչ, իմ գործը չէ: Ես ում ջուր եմ տվել, պարտք չկա: Ես էս մարդկանց ջուր տվե՞լ եմ, որ ասեմ՝ վճարի՛ր»:
Մայիսյան բնակավայրի վարչական ղեկավար Արգինա Բաղդասարյանը տեղեկացնում է, որ մոտ 3 միլիոն դրամի պարտք է արձանագրվել Մայիսյանում:
«Շիրակ» ջրօգտագործողների ընկերությունից հուսադրող նորություն ունեն. պարտքը մարելու ժամանակացույց են կազմելու: Որ թողնեն արտն անջուր չորանա, բացառված է: Բայց ասում են՝ կա պարտավորություն, դա ֆիքսված է բազայում: Անկախ այս պահին պարտքը մարելուց՝ նոր պայմանագրերը կստորագրեն:
«Ինչու են ջրօգտագործողներն ասում, որ պարտք չեն» հարցին ընկերության տնօրեն Խաչատուր Խաչատրյանը միանշանակ պատասխան չի տալիս: «Հնարավոր է նաեւ անճշտություն, բայց փաստացի պարտք են»: Որ ջրբաշխը գումարը վերցրել, բազա չի ներմուծել, տնօրենը չի բացառում, բայց ասում է՝ դա հեշտ է ճշտել: Խաչատրյանը հորդորում է բնակիչներին, որ գան, նստեն, քննարկենն: «Մարդիկ խուսափում են ընկերություն գալուց: Ինչպե՞ս է ստացվում, որ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթում մեկ ամսվա մեջ կատարված երկու ոռոգումից մեկի դիմաց գրված է վճարված, մյուսինը՝ պարտք»:
«Ունեք իրավական հիմքեր, ապացույցներ, ըստ որոնց՝ կարող եք դատի տալ ջրօգտագործողին եւ բռնագանձել պարտքը» հարցին տնօրենը ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չտվեց: «Իրենք այդ ընկերության անդամ են, օտար չեն: Դատի տալը ո՞րն է: Թող գան, խոսենք, հասկանանք, որ այդ ջուրն էլ, գումարն էլ իրենցն է եւ իրենց համար է»:
Ուր եւ որ խողովակներով են հոսել գյուղացիների վճարած փողերը՝ հայտնի չէ: «Ով է վճարել, ով՝ ոչ: Ով է յուրացրել, ով՝ խաբվել» հարցերի պատասխանները ջրբաշխն իր հետ տարել է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։