Շիրակի մարզի Ջաջուռի քարածխի հանքը մոտ 10 տարվա դադարից հետո կրկին շահագործվելու է: Մասնագետները տեղում ուսումնասիրություն են կատարել, արձանագրել, որ հանքի պոտենցիալը լավն է: Քարածխի շերտը որոշ տեղերում հասնում է մինչեւ 4-5 մետրի: Բարձր է նաեւ հանքանյութի ջերմատվությունը՝ մինչեւ 6400 կիլոկալորիա:
Հանքով հետաքրքրված «Արցախ Power» ընկերությունը էկոնոմիկայի, շրջակա միջավայրի եւ բնապահպանության նախարարությունների հետ հանքի շահագործման թույլտվությունը ստանալու գործընթաց է սկսել: Ըստ նախնական պայմանավորվածության՝ հանքի տարածքում 2-3 ամսից կմեկնարկեն առաջնային կարեւորության ենթակառուցվածքների, այնուհետեւ քարածխի վերամշակման գործարանի շինարարական աշխատանքները: Նույն ընկերությունը շահագործում է նաեւ Արցախի Հանրապետության Մաղավուզի քարածխի հանքը:
«Հանքանյութը ոչ թե պետք է հանել ու վառել, այլ պետք է վերամշակվի ողջ պետքական մասը: Մնացորդ ու թափոններ չեն լինելու, հեռացվելու են միայն կիրն ու հողը»,- ասում է «Արցախ Power» ընկերության նախագահ Դավիթ Չիտչյանը:
Ընկերությունն առաջիկա 2-3 տարվա համար 3 միլիոն դոլարի ներդրում է անելու: Ասում են՝ վերամշակված քարածուխը չեն արտահանելու: Հանրապետության ներքին պահանջարկը 40-45 հազար տոննա է այն դեպքում, երբ ռուսական քարածխի տոննան վաճառվում է 140 հազար դրամով:
Տեղականի գինը կլինի դրա ուղիղ կեսը: Ենթադրաբար, ցածր գինը կավելացնի նաեւ պահանջարկը: Հանքօգտագործողներն ասում են նաեւ, որ որոշ չափով կթեթեւանա կախվածությունը ռուսական գազից:
Նշենք, որ հանքավայրը Շիրակի մարզի Մեծ Սարիար բնակավայրի վարչական տարածքում է՝ գյուղի բնակելի հատվածից մոտ ութ կիլոմետր հեռու:
Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Արշակյանն ասում է՝ նախապես են հետաքրքրվել, թե որքանով կշահի համայնքը հանքի շահագործումից: Ըստ նրա՝ տարածքում չկան վարելահողեր, միայն ցածր արդյունավետության արոտավայրեր են: «Համոզվեցինք, որ նոր տեխնոլոգիաների ներդրումների շնորհիվ նվազագույնի կհասցվեն շրջակա միջավայրին պատճառվող վնասները: Բացի այդ՝ փաստաթուղթ ենք ստորագրելու, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվում է ամեն տարի հանքի հարակից գյուղերում իրականացնել կարեւոր աշխատանքներ՝ լուսավորության անցկացում, ճանապարհների կառուցում, խմելու եւ ոռոգման ջրի ցանցի վերանորոգում եւ այլն»:
Ընկերությունը պարտավորվում է ամեն տարի անվճար վառելիք տրամադրել բնակավայրերի համայնքային, հասարակական կառույցներին եւ տնտեսություններին: Հավելենք, որ այս գյուղերում կապույտ վառելիքը մուտք չի գործել. թե երբ կլինի, ոչ ոք չգիտի:
Մեծ Սարիարում արդեն աշխատուժ են հավաքագրում: Նախնական փուլում աշխատանքի կանցնի մոտ 70-80 հոգի:
Արցախ Power ընկերությունից վստահեցնում են, որ 2024 թվականից շուկայում կհայտնվի Ջաջուռի վերամշակված քարածխի առաջին խմբաքանակը:
«Ալիք Մեդիան» առաջիկայում կփորձի պարզել նաեւ բնապահպանների կարծիքը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։