ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունիսի 23-ին տեսաուղերձով հանդես է եկել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը։
Իր ուղերձում Պաշտպանը բարձր է գնահատել Հատուկ զեկուցողի՝ արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների ուղղությամբ կատարած աշխատանքը՝ ընդգծելով զեկուցողի մանդատն ամրապնդելու եւ ավելի շատ ռեսուրսներ տրամադրելու անհրաժեշտությունը:
Պաշտպանն անդրադարձել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո հայ խաղաղ բնակչության, այդ թվում՝ ծերերի եւ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած խոշտանգումների, արտադատական եւ ամփոփ մահապատիժների վերաբերյալ արձագանքին:
Գրիգորյանը նշել է նաեւ, որ համացանցով անգամ տարածվող նման ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը եղել է, մեղմ ասած, անհամաչափ ու անբավարար՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով այլ ընթացիկ հակամարտություններում արտադատական եւ կամայական մահապատիժների գործելակերպերի համար:
Եզրափակելով ելույթը՝ Պաշտպանն ընդգծել է Հատուկ զեկուցողի՝ տարածաշրջան ավելի շատ այցեր կատարելու հրամայականը՝ շեշտելով տեղում իրավիճակին ծանոթանալու անհրաժեշտությունը՝ որպես մանդատի արդյունավետ իրականացման երաշխիք։
Կարեւորելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների դերը տեղում իրավիճակի օբյեկտիվ գնահատման համար՝ Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է Հատուկ զեկուցողի հետ գործընկերության իր պատրաստակամության մասին: