ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը հայտնել է, որ 5 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները գրեթե նույն քանակի են, ինչ ամբողջ 2021-ի ընթացքում:
Մասնավորապես նա նշել է, որ այս տարվա միայն առաջին եռամսյակում ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը 3206 դիմում է ստացել: Համեմատության համար. նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացի դառնալու ցանկություն էր հայտնել 1611 մարդ:
Ըստ Առաջինի լրատվական ալիքի՝ 2022-ի հունվարի 1-ից ապրիլի 20-ը 4696 մարդ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 2021-ի նույն ժամանակահատվածում ստացվել է 1898 դիմում:
«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքով Հայաստանի քաղաքացի կարող են դառնալ ազգությամբ հայերը, օտարերկրացիները, որոնք վերջին 3 տարին օրինական ապրել են Հայաստանում կամ առնվազն երկու տարի ամուսնացած են Հայաստանի քաղաքացու հետ եւ առնվազն մեկ տարի բնակվել են Հայաստանում:
Քաղաքացիություն ստանալու ժամկետն էլ է կրճատվել՝ 6 ամսից դառնալով 90 աշխատանքային օր, իսկ անձնագրավորման գործընթացի համար այլեւս պարտադիր չի լինի Հայաստանում գտնվել, կարելի է դիմել բնակության երկրում Հայաստանի դեսպանատուն կամ հյուպատոսարան:
Հուլիսի 27-ից կգործարկվի նաեւ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության առանձին կայք, որտեղ կլինի դիմումների ու նամակների առանձին բաժին: