Դեռեւս 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ թե՛ ժամանակի իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի եւ նրա «ոչմիթիզական» քարոզչամեքենայի, թե՛ տարատեսակ խմբեր չեն հասկանում պետության տեղն ու դերը։
Այդ օրերին, իշխանությունների անգործության ֆոնին, անհատական ու խմբային նախաձեռնություններով պետության ու բանակի գործառույթների կրկնօրինակումը դարձավ հանրային մոբիլիզացիայի ու քաղաքացիական պատասխանատվության կարմիր թելը։ Ապրիլյանից հետո Շուշան Պետրոսյանն ու Արթուր Դանիելյանը, տարբեր «մտավորականների», ուսխորհուրդների կարիերիստների եւ այլ խմբերի հետ լվացքի մեքենաներ, լոգանքի պարագաներ, արեւային պանելներ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ էին տանում սահմանապահ դիրքեր՝ չմոռանալով լուսանկարներն ու տեսանյութերը տարածել սոցցանցերով եւ հեռուստատեսությամբ։
Այդ տարերայնության ֆոնին իրենց հացը գտան տարատեսակ արկածախնդիր օստապբենդերներ, շուրաներ ու պանիկովսկիներ։ Նրանք ՊՆ հովանու ներքո դիրքից դիրք «չէին սպասում» շոուներ եւ տարատեսակ օգնությունների ցուցք էին կազմակերպում զինվորների եւ հեռուստաէկրանի մյուս կողմում ապրող նրանց ծնողների համար։
Այդ ամենը միգուցե հույժ կարեւոր ու առաջնային լինեին անպետության, պետական ինստիտուտների ու միջոցների բացակայության դեպքում, բայց ո՛չ երկրի ու ժողովրդի համար, որն ունի երեսուն տարվա պետության եւ հարյուրամյա պետականության ավանդույթ։ Ինչպես ժամանակին արվեստաբան Վարդան Ազատյանն էր նկատել Երեւանի կենտրոնում բարերար Մանթաշյանի արձանի տեղադրման առիթով, այդ ամենը պետության հրաժարումն է իր գործառույթներից եւ ուղերձ՝ «ինձնից յան տվեք» ու «ձեր գլխի ճարը տեսեք»։ Այդպիսի տրամադրություններն ու քայլերը ոչ այլ ինչ են, քան պետության մերժման եւ պարտիզանության քարոզ։
Դրանք լեգիտիմացնում են պետության բացակայությունը, իշխանության անգործությունը, բանակի «ձեռնասուն» անօգնականությունն ու «կարիքավոր բարեկամի» կերպարի հավերժացումը։ Դրանք բարեգործությունը բարձրացնում են պետական քաղաքականության մակարդակի ու հռչակում հրաժարում պետության գործառույթներից հօգուտ տարերային, ժամանակավրեպ, բնույթով ապապետական մտայնության։
Գանք մեր ժամանակներ։ 44-օրյա պատերազմից հետո ակտիվացան տարատեսակ կիսառազմական ՀԿ-ներն ու նախաձեռնությունները, որոնք սովորական մարդկանց պատրաստում են ապագայի պատերազմին։ Անցկացնում են կրակային պատրաստություն՝ դաշտային հավաքների, «հայրենասիրական» քարոզի ու հակաթուրքական «հավերժական պաշարված ամրոցի» տրամաբանությամբ։
Կասեք՝ դե, մասնավոր նախաձեռնություններ են, մենք էլ՝ ազատ երկիր, մարդիկ թող իրենք որոշեն՝ ինչին միանան ու ինչ անեն։ Այո՛, մի դեպքում, եթե այդ ամենին չմիանան եւ իրենց մասնակցությամբ դա չլեգիտիմացնեն պետական պաշտոնյաներն ու տարբեր հանրային դեմքերը։ Չէ՞ որ պետական պաշտոնյայի ու քաղաքացու առաջնային խնդիրը գործող ինստիտուտների ռեֆորմն է, ժամանակակից բանակի ստեղծումն ու ապագայի պատերազմին պատրաստելը, ոչ թե, հայտնի խոսքով, 21-րդ դարի պատերազմին պատրաստելը՝ 20-րդ դարի տեխնոլոգիաներով ու 19-րդ դարի «ոգով»։
Այդ շարժումները եթե նույնիսկ կիրառական են ու կարեւոր, ապա միայն կարճատեւ հեռանկարում եւ այն էլ միայն անհատների հոգեւոր կարիքների բավարարման համար։ Իսկ, դե ֆակտո, այդ քայլերով քարոզում են «երկրապահություն», «պարտիզանական պայքար», «ֆիդայականություն»՝ երկրում, որն ունի պետություն, բանակ, պատկան կառույցներ ու պաշտոնյաների ահռելի «բանակ»։ Քարոզվում է «յան տալ», «հույսը կտրել բանակից» եւ ոչ թե հարկադրել, ստիպել իշխանություններին կատարել բանակի ռեֆորմ, անհրաժեշտ նյութական ու ինտելեկտուալ ռեսուրս ներդնել դրա վերափոխման ու արդիականացման համար։
Դրանով նրանք կարճատեւ հոգեկան բավարարվածության, շաբաթ-կիրակի օրվա ժամանցի չափազանց վտանգավոր ուղերձ են հղում հասարակությանն ու իշխանություններին։
Նրանք ասում են՝ սիրելի՛ իշխանություն, կարող եք ոչինչ չանել, մենք զուգահեռ բանակ էլ կստեղծենք, մատակարարումների շղթա էլ կստեղծենք, մասնագետներ էլ կվերապատրաստենք։ Բայց, ցավոք, պետությունները՝ պաշտպանում, ու պատերազմները հաղթում են բանակները՝ իսկական, պետական, համակարգված, երկրի բոլոր ինստիտուտների ամբողջական աշխատանքի հետեւանք բանակները։ Այդօրինակ նախաձեռնություններով կարելի է փառատոներ, արշավներ ու ճամբարներ կազմակերպել, բայց ո՛չ սահման պահել ու պատերազմ հաղթել։
Մարդիկ կամա թե ակամա, բարի կամքով կամ կարճատեսությամբ արժեզրկում են պետությունը, դրա իմաստը, գործառույթները, պատճառահետեւանքային շղթաները եւ հետագա աղետների լեգիտիմացման հիմք են դնում։ Եթե քաղաքացիների ակտիվ մի մասն ընդունում է իշխանության անգործությունը, առաջնորդվում «դուք ձեր կյանքով, մենք՝ մեր» սկզբունքով, ինչ սպասես բացարձակապես անհաղորդ ու չեզոք քաղաքացիներից։
Ստացվում է՝ ունենք պետություն եւ փոխանակ հետեւենք ու ստիպենք աշխատեցնել գործող մեխանիզմները, հրաժարվում ենք դրանցից, լեգիտիմացնում դրանցից «յան տալը» եւ զբաղվում զուգահեռ իմիտացիայով, ինքնախաբեությամբ, թե հնարավոր կլինի ֆիդայականությամբ ու դրամահավաքով քաղաքացիներին պաշտպանել ու պատերազմ հաղթել։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։