Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում երկօրյա գագաթնաժողովի ընթացքում ԵՄ-ին միանալու թեկնածուի կարգավիճակ են շնորհել Ուկրաինային եւ Մոլդովային:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, թվիթերյան գրառմամբ շնորհավորելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին, պահը պատմական է անվանել եւ նշել, որ երկու երկրները կատարել են ամենակարեւոր քայլը դեպի Եվրամիություն ճանապարհին:
Վրաստանի վերաբերյալ Միշելը նշել է, որ Եվրախորհուրդը որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը եւ պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալու, հենց որ լուծվեն մնացած առաջնահերթությունները։
Ուկրաինայի կառավարության Եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման գրասենյակի ղեկավար Նատալյա Ֆորսյուկը հայտնել է, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության նախապատրաստման շուրջ բանակցությունների մեկնարկը սպասվում է հաջորդ տարվա սկզբին։
Ֆորսյուկը նշել է, որ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության ակնկալվող ժամկետը 2029 թվականն է, քանի որ հսկայական քանակությամբ օրենսդրություն պետք է ընդունվի եւ ուժի մեջ մտնի: «Մենք պետք է ապրենք եվրոպական օրենքներով»,- ընդգծել է պաշտոնյան:
Ներկա թեկնածու երկրներից մեկը՝ Հյուսիսային Մակեդոնիան, կարգավիճակը ստացել է 17 տարի առաջ, Թուրքիան՝ 23 տարի առաջ: Ընդ որում, Թուրքիայի՝ ԵՄ-ին երբևէ անդամակցելու հնարավորությունն առհասարակ կասկածի տակ է: