Ամերիկյան CNN հեռուստաալիքը հաղորդել է, որ ԱՄՆ Սենատը հավանություն է տվել հրաձգային զենքի կիրառմամբ բռնության դեմ պայքարի օրինագծին:
Օրինագծի օգտին քվեարկել է 65 սենատոր, դեմ՝ 33-ը, դրա հետ մեկտեղ 15 հանրապետականներ դեմոկրատներին են միացել ի պաշտպանություն այդ միջոցառման, ինչը նշանավորել է երկկուսակցական զգալի բեկում երկրում ամենավիճելի քաղաքական հարցերից մեկի վերաբերմամբ:
Փաստաթուղթն ընդունվել է Տեխասի նահանգի Յուվալդե քաղաքի տարրական դպրոցում մայիսի 25-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, որտեղ հրաձգության հետեւանքով զոհվել է 19 երեխա եւ երկու ուսուցիչ։ Ողբերգությունից օրեր առաջ էլ Նյու Յորքի նահանգի Բուֆալոյի սուպերմարկետում զոհ է դարձել ինը մարդ:
Այժմ օրինագծին պետք է հավանություն տրվի Ներկայացուցիչների պալատում, որից հետո ստորագրման համար կներկայացվի նախագահ Ջո Բայդենին:
Մայիսին New York Post պարբերականը, վկայակոչելով Gun Control Violence կայքի տվյալները, հաղորդել էր, որ 2022-ին զանգվածային գնդակահարությունների թիվն ԱՄՆ-ում գերազանցել է տարվա օրերի թվին: Ավելի ստույգ, ընթացիկ տարվա առաջին 144 օրում երկրում գրանցվել է գնդակահարության 214 դեպք։