Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործում ամեն ինչ միանշանակ չէ, ինչպես մինչեւ հիմա մեկնաբանվում է։ Փաստ է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի որոշ արտահայտություններ դատապարտելի են էթիկական տեսանկյունից։
Սակայն անպատասխան է հարցը, թե ինչու է հենց Գագիկ Ջհանգիրյանը խոսում այդ ժամանակ դեռ ԲԴԽ դե յուրե նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։ Բանն այն է, որ նախկինում, այսինքն՝ հեղափոխությունից առաջ հարցերը լուծվում էին այլ կերպ։ Եթե իշխանությունն ուզում էր, որ ինչ-որ մեկը հրաժարական տար, նա պիտի հասկանար։
Ինչո՞ւ։ Որովհետեւ եթե դատավոր է աշխատել, ուրեմն հաստատ բազմաթիվ ապօրինություններ է գործել, կատարել է իշխանությունների հրահանգները, իշխանության թույլտվությամբ վերցրել է հսկայական կաշառքներ ու, մի խոսքով, իրեն դարձրել խոցելի։ Կարճ ասած՝ հրաժարական չտալու ռիսկ չուներ։ Եթե չտար, իր հետ չէին խոսի այնպես, ինչպես խոսում է Գագիկ Ջհանգիրյանը, իր հետ կխոսեին ուրիշ «լեզվով»։ Իսկ դա ընտանիք, երեխաներ եւ հսկայական ունեցվածք կուտակած կոռումպացվածի համար ցանկալի տարբերակ չէր։
Հեղափոխությունից հետո նախկին մեթոդները չեն աշխատում, եւ հենց դա է պատճառ դարձել, որ ԲԴԽ նախագահի պաշտոնում 2020-ի 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 15-ին, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն, արձագանքելով վարչապետի «պատերի տակ վնգստացող դատավորների» մասին դիտարկմանը, հայտարարում է․ «Օրհասական եւ պատմական այս պահին ի ցույց դնել արդարադատություն իրականացնողների բարձր պրոֆեսիոնալիզմը՝ ապացուցելու պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքի նվիրյալ պրոֆեսիոնալներ»։
Իսկ ինչո՞ւ էր Վարդազարյանը հակադարձել վարչապետին։ Որովհետեւ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ստեղծված ներքաղաքական լարվածության ֆոնին ձերբակալվեցին Արթուր Վանեցյանն ու Վահրամ Բաղդասարյանը։ Իսկ գոնե Արթուր Վանեցյանը, Ռուբեն Վարդազարյանն ինքն է խոստովանել, իր ընկերն է։ Հենց «վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքի նվիրյալ պրոֆեսիոնալներ» արտահայտությունն էլ պատճառ դարձավ, որ իշխանությունը փորձի ազատվել ակնհայտորեն քաղաքական հայտարարություն արած ԲԴԽ նախագահից։
Հենց այդ առաքելությունն էլ իշխանությունը դրել է Գագիկ Ջհանգիրյանի վրա՝ հընթացս մի քանի քրեական գործ հարուցելով Ռուբեն Վարդազարյանի դեմ։ Եվ Գագիկ Ջհանգիրյանը ակնհայտ հումորի զգացումով էր երեկ «մեկնաբանում», թե «Վարդազարյանի հրաժարականն իր վզին դրած է» ասելով նկատի է ունեցել, որ Վարդազարյանի հրաժարականին հասնելը իր «ճիտին պարտքն է»։
Այսպիսով՝ ինչո՞ւ հենց Գագիկ Ջհանգիրյանը։ Որովհետեւ ճնշման ձեռագիր է փոխվել։ Նախկին ձեռագրերն արդեն չեն գործում։ Իշխանությունները չեն ուզում հների մեթոդով աշխատել, որովհետեւ իրենք ճնշման մեխանիզմներ չունեն, իրենց ոչ մի դատավոր կաշառք չի տվել, եւ իրենք ոչ մի դատավորի չեն ասել՝ այսպես կդատես կամ այնպես կդատես։ ԱԱԾ-ին, ոստիկանությանը կամ դատախազությանը նույնպես չեն ուզում հրահանգել օգտագործել իրենց լծակները, որովհետեւ դրանք էլ հայտնի կդառնան, ու նոր արժեքներով իշխանության եկածները խայտառակ կլինեն։ Մնում են բանակցությունները։
Իսկ ո՞վ պիտի բանակցի Ռուբեն Վարդազարյանի հետ, որը դատավորին ոչ հարիր ակնհայտ քաղաքական հայտարարություն անելուց հետո չի ուզում հրաժարական տալ։ Իշխանությունները կանգ են առնում Գագիկ Ջհանգիրյանի վրա, որը Ռուբեն Վարդազարյանի դասախոսն է, ընկերական միջավայր ստեղծել գիտի, ունի մտերմիկ բառապաշար, որն արտահայտվում է երբեմն նաեւ պաշտոնական միջավայրերում։
Եվ նա Ռուբեն Վարդազարյանին հրավիրում է հանդիպման։ Նույնիսկ զրույցի թեման չի թաքցնում։ Իսկ Ջհանգիրյանը չի էլ ենթադրում, որ իր ուսանողը իրեն կձայնագրի ու կփորձի օգտագործել այդ ձայնագրությունը։ Ի՞նչ է անում Գագիկ Ջհանգիրյանը։ Ասում է՝ ընկե՛ր, ընտրի՛ր կա՛մ պաշտոնանկություն, կա՛մ քրեական գործ։ Այսինքն՝ տեղի է ունենում կորպորատիվ զրույց, որի բառապաշարը բնականաբար ազատ է, որովհետեւ զրուցում են հացի սեղանի շուրջ։
Գագիկ Ջհանգիրյանը մի վախ էլ ունի, որի մասին չի խոսվում, եւ ինքն էլ երեկ չխոսեց ու խոսել չէր կարող։ Բանն այն է, որ թեպետ դատավորների վրա այսօր իշխանությունը քաղաքական ճնշումներ չի կիրառում, բայց դրանք այն դատավորներն են, որոնք հնաբնակ են, այսինքն՝ նշանակվել են նախկինների օրոք։ Ռուբեն Վարդազարյանը նրանցից մեկն է, եւ եթե ԲԴԽ նախագահի կարգավիճակում նրա դեմ հարուցված քրեական գործերը քննվեն, գուցե արդարացման վճիռներ կայացվեն, որովհետեւ դատական բարեփոխումներ տեղի չեն ունեցել։
Չորս տարի իշխանությունն ուղղակի սպանել է դատական բարեփոխումները։ Հետեւաբար Գագիկ Ջհանգիրյանը պետք է իսկապես մտերմիկ մթնոլորտում, «մի կտոր հացի» սեղանի շուրջը փորձի համոզել Ռուբեն Վարդազարյանին։ Եթե նա հրաժարական տա, բնականաբար նույնիսկ էական չէ, որ դատարանները կարդարացնեն Վարդազարյանին։ Նույնիսկ այդ դեպքում իշխանությունների դատական բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը չի վտանգվի։ Վարդազարյանն արդարացված է, բայց բարեփոխումները մի օր կհասնեն նաեւ նրան։ Իսկ եթե հրաժարական չտա, Վարդազարյանը կմարմնավորի այս իշխանությունների նկատմամբ անպարտելի դատական համակարգը, ու Հայաստանը կգլորվի դեպի այն ժամանակներ, երբ իշխանությունը ստիպված պիտի լինի դատավորների հետ խոսել նախկինների մեթոդներով։
Սա է ամբողջ պատմությունը։ Այս ամենի մասին Գագիկ Ջհանգիրյանը խոսել չի կարող։ Փոխարենը խոսում է այն մասին, որ «իր վզին դրած» ասելով նկատի ունի, որ ճիտին պարտք է կատարում։
Իսկ իր դասախոսին հացի սեղանի շուրջը կենացների մեջ ձայնագրելու Վարդազարյանի վարքը առանձին թեմա է, չէ՞ որ նա վերահսկում է իր բարոյականությունն այն փաստով, որ ձայնագրողն ինքն է ու վայելում է իր դասախոսի իսկապես բարոյականությունից կաղացող որոշ արտահայտություններն այն մտքով, որ կտա մամուլին, եւ մամուլն իր դասախոսին կոչնչացնի։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: