ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հանդես է գալիս աշխարհի շուկաներ Ռուսաստանից եւ Ուկրաինայից պարենի միաժամանակյա մուտքի ապահովման օգտին:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձում է նախ պայմանավորվել ուկրաինական, իսկ հետո ռուսական հացահատիկի արտահանման շուրջ:
Լավրովը նշել էր, որ Գուտերիշը փորձում է լուծել հացահատիկի արտահանման խնդիրը՝ հաշվի չառնելով այն միջանցքները, որոնք ամեն օր հայտարարում է ռուսական կողմը:
«Ուկրաինայի իրադրությունը եւ ընդգրկուն պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի նկատմամբ սահմանել են ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը, հանգեցրել են հացահատիկի մատակարարումների խախտումների, ինչը մեծացնում է պարենային ճգնաժամի ռիսկն աշխարհի մի շարք երկրներում>,- շեշտել է Լավրովը:
Տարեսկզբից ցորենի եւ եգիպտացորենի գներն էապես բարձրացել են: Մայիսի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արձանագրվել է, որ աշխարհում ցորենի պաշարները բավարար են սոսկ 10 շաբաթվա համար, եւ իրադրությունն այդ առումով ավելի վատթար է, քան ճգնաժամային 2007–2008 թվականներին:
Դեռ մայիսի վերջին գյուղատնտեսության հարցերն ուսումնասիրող «Սովեկոն» ընկերության կանխատեսմամբ աշխարհում ցորենի պաշարները 2022-2023 թվականների գյուղատնտեսական տարվա վերջի դրությամբ կբավականացնեն 18 շաբաթ։