Թուրքիայի հրշեջ ջոկատները չորրորդ օրն անընդմեջ պայքարում են Մարմարիս առողջարանային քաղաքի մոտ բռնկված խոշոր անտառային հրդեհի դեմ։ Մարման աշխատանքներին խոչընդոտում են ուժգին քամին, որի պատճառով կրակն արագ տարածվում է։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 2 հազար 500 հրշեջ, 45 ուղղաթիռ եւ 12 հատուկ սարքավորումներով ինքնաթիռ։ Անտառային տնտեսության նախարար Վահիտ Կիրշիչին նշել է, որ հրդեհից տուժել է մոտ 3000 հեկտար անտառ։ Հրդեհի երեք օջախի մոտ գտնվող բնակավայրերից տարհանվել է 275 մարդ։
Հրդեհի պատճառը դիտավորյալ հրկիզումն է: Արդեն ձերբակալվել է հրկիզումն իրականացրած անձը, որն ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Թուրքիայի քաղաքացին անտառը հրկիզել է, քանի որ զրկվել է իրեն հատկացվելիք հողատարածքից: Քաղաքացին ոգելից խմիչքի ազդեցությամբ մի քանի շիշ բենզինով հրկիզել է անտառը՝ մտադրված, որ իրեն էլ նետի կրակի մեջ եւ ինքնահրկիզվի: Քաղաքացին նշել է, թե մտափոխվել է, քանի որ քաջությունը չի հերիքել: