Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել է, որ ուկրաինական բանակը Կիեւից հրաման է ստացել լքելու Սեւերոդոնեցկը: Նա ասել է, թե ստիպված են հեռանալ, «քանի որ անիմաստ է լինել ջախջախված դիրքերում. զոհերի թիվն աճում է»։
Գայդայը շեշտել է, որ չորս ամիս շարունակ ռուսների կողմից ռմբակոծվող Սեւերոդոնեցկի շենքերի 90 տոկոսը ավերվել կամ վնասվել է։
Պաշտոնյան հայտնել է, որ ռուսները գրավել են նաեւ Լիսիչանսկի հարավ-արեւմուտքի Նիկոլաեւկա գյուղը։
Ռուսների վերահսկողության տակ հայտնված քաղաքատիպ ավանները Լիսիչանսկի կենտրոնից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա են: Ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի՝ ռուսական բանակի նպատակը Բախմուտ-Լիսիչանսկ ավտոճանապարհը վերահսկելն է: Գրոհի ենթարկվող Բերեստովոյեն հենց Լիսիչանսկ-Բախմուտ ճանապարհին է։ Դա տրանսպորտային միակ ուղին է, որ ուկրաինական բանակի Սեւերոդոնեցկի խմբավորումը կապում է արտաքին աշխարհի հետ։
Վաշինգտոնյան պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի փորձագետների կանխատեսումներով ռուսական բանակը Լիսիչանսկի բնակելի թաղամասերին կմոտենա մոտ օրերս։ Փորձագետները նշել էին սակայն, թե, չնայած այս առաջխաղացմանը, քիչ հավանական է, որ ռուսական զորքերին հաջողվի արագորեն գրավել Սեւերոդոնեցկի եւ Լիսիչանսկի շրջանները:
Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության ամենօրյա ամփոփագրում նշված է, որ Լիսիչանսկից հարավ ընկած որոշ շրջաններից ուկրաինական ստորաբաժանումնեը սեփական նախաձեռնությամբ են նահանջել՝ շրջապատումից խուսափելու համար։