Ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության տարածած հաղորդագրության՝ Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Կանադան եւ Ճապոնիան ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների շրջանակում կարգելեն Ռուսաստանից արտահանվող ոսկու ներմուծումն իրենց երկրներ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ վերոնշյալ միջոցառումներն անմիջական հարված կհասցնեն ռուսաստանյան օլիգարխներին եւ Պուտինի ռազմական մեքենայի սրտին։
Ըստ բրիտանական կառավարության հաղորդագրության՝ ոսկին կազմում է արտահանվող ռուսական կապիտալի զգալի մասնաբաժինը։ Նշվում է, որ 2021-ին Ռուսաստանը միայն ոսկու արտահանումից 15,5 միլիարդ ԱՄՆ դոլար է վաստակել։
Վերջին ժամանակներս ոսկու նշանակությունը ռուսաստանյան վերնախավի համար առանձնապես մեծացել է։ Բանն այն է, որ օլիգարխները ձգտում են ոսկու ձուլակտորներ գնելու՝ այդկերպ փորձելով մեղմել արեւմտյան պատժամիջոցների հետեւանքները։
Լոնդոնը միջազգային կարեւոր առեւտրային հաբ է, եւ բրիտանական պատժամիջոցները մեծ ազդեցություն են թողնելու Պուտինի՝ փող վաստակելու ունակության վրա։
«Նկատի ունենալով ոսկու միջազգային առեւտրում Լոնդոնի կենտրոնական դերը եւ ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Կանադայի սինխրոնիզացված քայլերը՝ այդ պատժամիջոցները համապարփակ արդյունք կունենան»,- ընդգծվում է համատեղ պաշտոնական կառավարական հաղորդագրությունում։
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան եւս համաձայնել են միանալ ռուսական ոսկու էմբարգոյին։