Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական եւ մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Habertürk TV-ին տված ծավալուն հարցազրույցում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։
Էրդողանի գլխավոր խորհրդականն ասել է, որ հենց Ղարաբաղի օկուպացիայի պատճառով է Անկարան 1992-ին Հայաստանի հետ հարաբերությունները սառեցրել եւ սահմանը փակել։ Նա հավելել է, որ ներկայում պայմանները փոխվել են, Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, ու Ղարաբաղն ազատագրվել է։ Դրանից հետո միայն Անկարան Հայաստանի հետ կարգավորման գործընթաց է սկսել։
«Հայաստանի հետ մենք հնուց եկած, հավերժական թշնամություն չունենք եւ չենք կարող ունենալ։ Հայերը մի սխալ արեցին, Ղարաբաղն օկուպացրին, դրա դիմաց մենք դիրքորոշում որդեգրեցինք»,- ընդգծել է Քալընը։
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն այնուհետեւ դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների աշխատանքից՝ համարելով, այդ եռյակը չկարողացավ ոչինչ անել, ինչի հետեւանքով հակամարտությունը 30 տարի այդպես էլ սառեցված մնաց։ Եվ ըստ նրա՝ դա էր պատճառը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միավորվեցին ռազմական ուժի, տնտեսական ուժի առումով ու խնդիրը լուծեցին։
Նշելով, որ Թուրքիան Եգիպտոսի, Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման փուլի մեջ է՝ Էրդողանի գլխավոր խորհրդականը, շեշտել է, որ միջազգային հարաբերություններում չկա հավերժական թշնամություն։
«Այս պահին մենք հարաբերությունները կարգավորում ենք: Լուրջ, արագ կարգավորման գործընթացով ենք անցնում Հայաստանի հետ»,- շեշտել է Քալընը։
«Խաղաղություն եք հաստատում, հաշտվում եք եւ շարունակում ձեր ճանապարհը»,- եզրափակել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը։