Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան մինչեւ 10 միլիոն ֆունտ (12,28 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման համար՝ երկրից հացահատիկի երկաթուղով արտահանումը դյուրացնելու նպատակով:
Մեծ Բրիտանիան բանակցություններ է վարում Ուկրաինայի կառավարության հետ երկաթուղիների թողունակությունն առավելագույն չափով մեծացնելու եւ գնացքների երթեւեկությունն ու հացահատիկի արտահանումն ապահովելու շուրջ:
Վերջին ժամանակներս աշխարհի մի շարք շրջաններում դիտվում են պարենամթերքին առնչվող խնդիրներ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պարենային ճգնաժամի սպառնալիքը կապել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետ: Նման տեսակետ են արտահայտել նաեւ արեւմտյան մյուս ղեկավարները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Արեւմուտքն անտեսում է համաշխարհային տնտեսության բազային սկզբունքները։ Ըստ Պուտինի՝ արդյունքում տնտեսական ճգնաժամը ձեռք է բերում շարունակական բնույթ, դիտվում են համապարփակ պարենային անվտանգությանն առնչվող դժվարություններ, խիստ բարձրանում են հացահատիկային մշակաբույսերի, մյուս բազային գյուղատնտեսական արտադրանքների գները։