ՀՀ Լոռվա մարզի Մոտկորի տարածաշրջանի (Թումանյան խոշորացված համայնք) հանրության, բնակավայրերի, շրջակա միջավայրի ներկայով եւ ապագայով մտահոգ հասարակական կազմակերպություններն ու անհատները «ՄՈՏԿՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» նախաձեռնության ստեղծման վերաբերյալ հայտարարություն են տարածել։
«Հայտարարում ենք, որ «Մոտկորի զարգացման միավորում»-ը հասարակական կազմակերպությունների, գործարարների, հիմնադրամների, անհատների ինքնակամ համախմբում է «Մոտկոր հատուկ գոտի» հայեցակարգի շուրջ, հանուն Մոտկորի տարածաշրջանի, Լոռվա, Հայաստանի Հանրապետության զարգացման, հանուն Մարդու եւ Միջավայրի ներդաշնակման, հանուն մեր ներկայի եւ ապագայի՝ մեր սերունդների եւ մեր բնության հարատեւման»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարությունը ստորագրել են «Հրանտ Մաթեւոսյան», «WWF Հայաստան», «Ահնիձորի զարգացման» ինչպես նաեւ «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամները, «Խարույկ» արշավական եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբները, «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոն ՓԲԸ-ն եւ «Մեծ Մոտկոր» ՍՊԸ-ն։
«ՄՈՏԿՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» նախաձեռնությանը իրենց բողոքի ձայնն են միացել նաեւ «Բարձունք» գիտակրթական ռազմավարական կենտրոն, «Սպիտակ ջոկատ», «Խոսքի Իշխանություն», «Կենսաբանների հայկական միություն», «Արահետներ հանուն փոփոխության», «Արցախի տիկնիկային արվեստների գործիչներ», «Միջմշակութային ուսումնասիրություններ եւ զարգացում», «Կանաչ ուղի», «Գյումրու ՄԷԿ Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն», «Երիտասարդների հնարավորությունների ակումբ», «ՀԵԲԱ» հասարակական կազմակերպությունները։
Նախաձեռնությանը միացել են նաեւ «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ, «4rd.am» «Էկոնյուզ» եւ «Ալիք Մեդիա Հայաստան» լրատվական-վերլուծական կայքերը, «Կանաչների կուսակցությունը» եւ բազմաթիվ անհատներ, որոնց թվում՝ լրագրողներ, գրողներ, հրապարակախոսներ, դերասաններ, ռեժիսորներ, գործարարներ եւ այլք։
Նախաձեռնության ցուցակը բաց է ստորագրության համար: