Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից հայտնել են, որ Դարիալի կիրճում ծանր օդերեւութաբանական իրավիճակ է ստեղծվել․ նախօրեին Թերեք գետը հորդառատ անձրեւների պատճառով դուրս Էր եկել ափերից եւ ողողել վրաց-ռուսական սահման տանող մայրուղին։ Ստեղծված իրավիճակում Կազբեկի մաքսակետում դադարեցվել են մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերը։
Սա Վրաստանը եւ ՀՀ-ն Ռուսաստանին կապող ճանապարհի միջազգային նշանակության Դարիալի-Լարս 165-րդ կիլոմետր ճանապարհահատվածն է։
Ըստ նախարարության՝ Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծում-արտահանում, ինչպես նաեւ նշված մաքսակետով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգերը չեն իրականացվի։
Անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան պետական գերատեսչությունների հետ համակարգված աշխատանքի արդյունքում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության Կազբեգի մաքսային անցակետի աշխատակիցներն ու ուղեւորները տեղափոխվել են պահպանվող, անվտանգ տարածք։
«Եղանակի բարելավումից եւ վերականգնողական աշխատանքների ավարտից հետո Կազբեկի մաքսակետը սովորականի պես կշարունակի աշխատել ամբողջ հագեցվածությամբ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։