«Հրապարակ» կայքին տրված վերջին օրերի (24 հունիս 2022) մի հարցազրույցում կարդում ենք.
«…Մարդիկ տարբեր ժամանակներում միշտ էլ խոսում էին այն մասին, որ դատական համակարգը կատարյալ վիճակում չէ… ընդ որում, իմ ունեցած տեղեկություններով, հատկապես ՀՀՇ-ական շրջանում, այսինքն՝ մինչեւ 1998 թվականը, այդ երեւույթը բավականին տարածված է եղել։ Տարբեր կոմպրոմանտներով պաշտոնյաների փոփոխությունը, այդ թվում՝ նաև պառլամենտական խմբակցություններից պատգամավորների՝ իրենց կողմ ներգրավելը»։
Հարցազրույցը «քաղտեխնոլոգ» ներկայացվող Արա Պողոսյանինն է։
Հարցազրույցն ամբողջությամբ, բացի 90-ականներին վերաբերող այս երկու-երեք տող «էքսկուրսից», դատական համակարգի այսօրվա խայտառակ վիճակին է վերաբերում, դրան առնչվող իրադարձություններին։ Ամեն հարմար, անգամ ոչ այնքան հարմար առիթով «ՀՀՇ-ական շրջանը» այսօրվա հետ զուգահեռելն ու այսպես «կտցահարելը», խեղաթյուրելը, ցեխ շպրտելը նորություն չէ։ Խնդիր չէ դրանց ամեն անգամ կարճ ու սպառիչ պատասխանելը։
Սակայն նման բաները մանր դրսեւորումներն ու բաղադրիչներն են արդեն երկու տասնամյակից ավելի տարածված հանցավոր մի երեւույթի՝ մեր նորագույն շրջանի պատմության՝ պետականորեն ծրագրված ու նպատակադիր կեղծման, այլանդակման։ Եվ առանց հանցավոր այդ երեւույթի ու դրա հիմքերի ամբողջական ներկայացման միայն տարատեսակ «քաղտեխնոլոգների» ռեպլիկներին պատասխանելը եւ ասելը, թե նրանք այսինչի կամ այնինչի պատվերն են կատարում, քիչ է ու անիմաստ։ Ուստի հիմա, տրված այս առիթն օգտագործելով, նախ կխոսենք այդ հիմնական, մեծ երեւույթի մասին, իսկ Պողոսյանից վերը բերված քաղվածքում արտահայտված «մտքին», ըստ էության, հակիրճ կանդրադառնանք վերջում։
Ու քանի որ ընթերցողն էլ սիրում է փաստերի լեզուն, ստորեւ առավելագույնս կմնանք դրանց շրջանակներում։
Նորություն չէ, որ 1990-ականների, այն է՝ «ՀՀՇ-ական շրջանի» պատմությունը կեղծվել, սեւացվել, հաճախ պարզապես գլխիվայր շուռ է տրվել։ Կեղծվել է այնքան մոլեռանդ, այլանդակ ու թշնամաբար, որ կարող էր լինել միայն իշխանական հովանավորության, համակարգման, հրահանգավորման եւ վճարման դեպքում։ Խոսքը վերաբերում է Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի իշխանության շրջանին։
Դրան ծառայեցվել են ընդհուպ ակադեմիական գիտությունը, դպրոցական ու բուհական դասագրքերը, իսկ ամենօրյա քարոզչության մեջ նույն նպատակով օգտվել են լրատվամիջոցների, լրագրողների, տասնյակ «քաղաքագետների» ու «քաղտեխնոլոգների» ծառայություններից։ Համակարգված այս կեղծիքի մասին արդեն շատերն են գրել, գրել է նաեւ տողերիս հեղինակը՝ հոդվածներ, գրքեր՝ դրանք հատուկ հասանելի դարձնելով նույն այդ կեղծիքը կատարողներին ու հովանավորներին։ Եվ` ոչ մի պատասխան… շարունակում են իրենց սեւ գործը։
Այն, որ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումն ու նրա ՀՀՇ-ական շրջանի իշխանության պատմությունը կարող էին նման խեղաթյուրման ու արժեզրկման արժանանալ, ասենք, տապալված կոմունիստական իշխանության ներկայացուցիչների կողմից, եթե ոչ արդարացնելի, բայց բացատրելի կլիներ, քանի որ ՀՀՇ-ն նրանց զրկեց իրենց 70-ամյա (ու հավիտենական թվացող) իշխանությունից։
Հետեւյալ իրողությունների հանդիման մի անբացատրելի թվացող հարցի, հանելուկի առջեւ ենք կանգնում։
Հիշյալ երկուսը (Ռ. Քոչարյան եւ Ս. Սարգսյան) Ղարաբաղյան շարժման տարիներին կարեւոր դերակատարներ են եղել Լեռնային Ղարաբաղում։ Շարժման հաղթանակից հետո առանցքային պաշտոններ են ունեցել Արցախում եւ Հայաստանում։ Ընդհանուր՝ շուրջ մեկ տասնամյակ՝ 1988-1998։
Ոչ մի պատմաբան չի կարող ցույց տալ հայոց պատմության վերջին հազարամյակում (շատ խոր չիջնենք) որեւէ այլ տասնամյակ, որն իր գրանցած քաղաքական արդյունքներով ավելին է այդ տասնամյա «ՀՀՇ-ական շրջանից»։
Քաղաքական ուժը, քաղաքական գործիչը, դարաշրջանը չափվում, գնահատվում են իրենց գրանցած քաղաքական արդյունքով, եւ սա որպես աքսիոմ ընդունված չափորոշիչ է քաղաքագիտության մեջ։ Ըստ այդմ՝ 1988-1998 թվականները օբյեկտիվորեն մեր պատմության ամենահերոսական շրջանն են կամ շրջաններից մեկը։ Եվ դրա դերակատարներից յուրաքանչյուրը, ներառյալ նույն Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, իրենց վաստակի չափով կարող էին հավակնել, ստանալ, ունենալ համապատասխան պատիվը։
Ուրեմն ինչո՞ւ են նրանք ոչ միայն հրաժարվել իրենց բաժին այդ պատվից, այլեւ հետեւողականորեն ամեն ինչ արել՝ քաղաքական արդյունքներով փառահեղ ու հերոսական նույն այդ տասնամյակը սեւացնելու, ցեխոտելու, նսեմացնելու համար։
Ասացինք «անբացատրելի հարց, հանելուկ», սակայն մարդու վարքագծի որեւէ դրսեւորում չի կարող չունենալ իր բացատրությունը, եւ որեւէ հանելուկ անպայման ունի իր լուծումը։ Պարզապես դրանք պետք է գտնել։
Որեւէ մեկի նման վարմունքի համար տեսականորեն կարող էր լինել երկու հիմք կամ շարժառիթ:
Առաջին. պատիվներից խույս տալու՝ միջնադարյան քրիստոնյա-ճգնավորի գերհամեստությունը, աննկատ մնալու ձգտումը, ինքնախարազանման մոլուցքը։
Երկրորդ՝ դրանում անձնական, առարկայական, տասնապատիկ մեծ այլ՝ կենսական շահագրգռություն ունենալը։
Վստահ եմ, որ առաջին տարբերակը բոլորը կբացառեն Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի համար, ուրեմն մնում է երկրորդը։
Մնում է գտնել այդ անձնական կենսական շահագրգռության հիմքը, ինչով անբացատրելի թվացող այս երեւույթը կգտնի իր բացատրությունը, անլուծելի թվացող հանելուկը՝ իր լուծումը։
Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը 1998-ին պետական հեղաշրջմամբ իշխանության եկան՝ խոստանալով Արցախի եւ Հայաստանի համար անել եւ ձեռք բերել շատ ավելին, քան այդ պահին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի առաջարկած լուծումն էր։ Եվ հաջորդ օրվանից թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար սկսվեց կորցնելու, կործանման տանող գործընթացը, ինչն իրենք, հաստատ, շատ լավ գիտակցում, հասկանում էին։ Պարզապես այդ գնով նրանք ձեռք էին բերում իշխանություն պահելու, երկիրը թալանելու՝ իրենց համար ավելի կարեւոր հնարավորությունը։ Այսինքն՝ քաղաքական արդյունքները, որով, ըստ վերոհիշյալ քաղաքական աքսիոմի, պիտի գնահատվեր սրանցից յուրաքանչյուրն իր գործունեությամբ, իրենք ոչ միայն տանուլ էին տալիս 1990-ականների «ՀՀՇ-ական շրջանին», այլեւ այդ համեմատության ֆոնին դառնում էին հանցագործ։
Ուրեմն ի՞նչ պետք է անեին Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը հանցագործ չնկատվելու, պատասխանատվությունից խուսափելու, դեմքը փրկելու, իշխանությունը պահելու համար։ Շատ պարզ բան. պետք է հետեւողականորեն ու ջանադիր մրոտեին, կեղծեին, ոչնչացնեին համեմատության այդ եզրը՝ 90-ականների «ՀՀՇ-ական շրջանի» պատմությունը։
Այսինքն՝ դա նրանց համար, իրոք, ավելի քան կենսական հարց էր եւ հիմա էլ այդպիսին է։
Հիմա անցնենք Ն. Փաշինյանին։
Ինչպես Արցախի, այնպես էլ այդ տասնամյակի նկատմամբ վերաբերմունքի հարցում Փաշինյանը, գուցե ավելի հետեւողական, շարունակեց Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի նույն ուղեգիծը։
Ի տարբերություն նախորդ երկուսի՝ նա 90-ականներին որեւէ քաղաքական դերակատարում չի ունեցել։ Բայց դրա փոխարեն նրա հրապարակած «Հայկական ժամանակը» մեկ տասնամյակից ավելի (2000-ականներ) դրականից մինչեւ փառաբանական հարյուրավոր հրապարակումներ է ունեցել 90-ականների պատմության իրողությունների ու դերակատարների մասին, այդ թվում նաեւ իր՝ Փաշինյանի ստորագրությամբ։
Հիմա նա ու նրա իշխանությունը ինչո՞ւ լծվեցին խայտառակ, անպատվաբեր ու հանցավոր այդ գործին՝ սեւացնելով նաեւ սեփական կենսագրության շատ կարեւոր մի հատվածը։
Բացատրությունը, լուծումը դարձյալ նույնն է. որպես համեմատության եզր՝ 90-ականների «ՀՀՇ-ական շրջանի» կողքին սրա գրանցած քաղաքական արդյունքները նույնպես ոչ միայն բացասական են, այլեւ կործանարար ու աղետալի, իսկ գործունեությունը՝ հանցավոր։
Այսինքն՝ «ՀՀՇ-ական շրջանը» մրոտելը, արժեզրկելը, պատմությունը կեղծելը այս երեքի՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Ն. Փաշինյանի համար կենսական խնդիր է եղել եւ այսօր էլ, հատկապես 44-օրյա պատերազմի արդյունքներից հետո, մնում է այդպիսին։ Երեքն էլ այս հարցում հավասարապես կարող են պատվիրատու լինել՝ ակադեմիական ու բուհական գիտնականներից սկսած մինչեւ ամեն կարգի «վերլուծաբանների», «քաղտեխնոլոգների», լրագրողների ու լրատվամիջոցների համար, օգտվել նրանց մանր ու մեծ ծառայություններից։
***
Իսկ հիմա Արա Պողոսյանի հարցազրույցից սկզբում արված քաղվածքի մասին՝ ըստ էության, որը նույն այդ երեւույթի մի դրսեւորում է։
Ընթերցողի դյուրության համար տեքստը նորից տեղադրենք.
«…Մարդիկ տարբեր ժամանակներում միշտ էլ խոսում էին այն մասին, որ դատական համակարգը կատարյալ վիճակում չէ… ընդ որում իմ ունեցած տեղեկություններով, հատկապես ՀՀՇ-ական շրջանում, այսինքն՝ մինչեւ 1998 թվականը, այդ երեւույթը բավականին տարածված է եղել։ Տարբեր կոմպրոմանտներով պաշտոնյաների փոփոխությունը, այդ թվում՝ նաև պառլամենտական խմբակցություններից պատգամավորների՝ իրենց կողմ ներգրավելը»։
Ուզում է ասել, թե դատական համակարգը նույն խայտառակ վիճակում է եղել, նույն կերպ է գործել նաեւ մինչեւ 1998 թվականը, կայացրել է ապօրինի վճիռներ, կատարել իշխանության պատվերները եւ կամքը։
Ի՞նչ է նշանակում` «իմ ունեցած տեղեկություններով»։
Տեղեկությունները լինում են փաստերի մասին։ Փաստերն, իրենց հերթին, լինում են հայտնի, առաջնային, երկրորդային եւ այլն։ Բնականաբար, «տեղեկությունները», տվյալ դեպքում՝ դատական համակարգի մասին, որպես այդպիսին, պետք է լինեն առաջնային, ամենացայտուն, ամենաբնորոշիչ փաստերի մասին։
Իսկ նման փաստերը հայտնի են.
Եթե մինչեւ 1998 թվականը դատավորների կողմից, որպես իշխանության կողմից իջեցված պատվեր, լինեին դատարանների ապօրինի որոշումներ, վճիռներ եւ այլն, դրանք կամ դրանցից գոնե մի քանիսը 1998-ից հետո` Ռ. Քոչարյանի օրոք պետք է վերանայվեին, բեկանվեին։ Ոչ մի նման բան չի եղել։
Նման բան չի եղել նույնիսկ ամենահայտնի ու աղմուկ հանած «31-ի» եւ «Դրոյի» գործով կայացված վճիռների դեպքում։ Ռ. Քոչարյանը իշխանության գալուց հետո այս գործերով դատապարտվածներից մի քանիսին ազատ արձակեց ոչ օրինական՝ «իրադրության փոփոխության» հիմքով։ Եթե դատավճիռներն անհիմն լինեին, դրանք կբեկանվեին, այդ մարդիկ կարդարացվեին դատական կարգով, մեղավոր դատավորները կպատժվեին։ Իսկ դատապարտվածների մյուս մասն այդպես էլ մնաց կալանքի տակ։
Եթե մինչեւ 1998 թվականը նման վճիռներ լինեին, դրանք ոչ միայն կբեկանվեին, այլեւ Ռ. Քոչարյանի իշխանության կողմից լայնորեն կօգտագործվեին «ՀՀՇ-ական իշխանության», այդ իշխանության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ որպես քարոզչանյութ (վարկաբեկիչ նման նյութեր նա ջանադիր փնտրում էր իր ողջ իշխանության ընթացքում ու այդպես էլ չկարողացավ գտնել)։
Հիմա այս պատկերը համեմատենք Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի շրջանի ամենահայտնի, ուստիեւ՝ որպես «տեղեկության» աղբյուր առաջնային ու ամենահիշվող՝ Մարտի 1-ի գործի հետ։
Այս գործով հարյուրից ավելի ձերբակալվածներից որեւէ մեկի նկատմամբ «զենք կրելու», «զենք օգտագործելու», «խանութներ թալանելու» մեղադրանք չներկայացվեց, թեեւ սկզբում դրանք էին իշխանությունների քարոզչության գլխավոր փաստարկները։ Իսկ այլ հոդվածներով դատապարտված տասնյակ քաղբանտարկյալների գործեր քննվեցին ու բեկանվեցին եւ շարունակվում են քննվել Եվրոպական դատարանում։ Եվ միայն դրանից հետո է, որ Քոչարյանա-Սարգսյանա-Փաշինյանական դատական համակարգը բարեհաճում է դրանք վերանայել։
Այսինքն՝ այն ամենաառաջնային, ամենաբնորոշիչ ու ամենամատչելի «տեղեկությունները», որ կարող էր ունենալ քաղտեխնոլոգ Ա. Պողոսյանը մինչեւ 1998 թվականը եղած դատական համակարգը մրոտելու համար, իր ասածի ճիշտ հակառակ պատկերն են ներկայացնում։ Ուրեմն նրա ասածը սուտ է, կեղծիք, ոչ թե չիմացության արդյունք, այլ գիտակցաբար հերյուրված՝ հօգուտ ինչ-որ մեկի կամ ինչ-որ մեկի պատվերով։
Իսկ մինչեւ 1998 թվականը «ՀՀՇ-ական շրջանի» պատմությունը կեղծելու, իրողությունները նենգափոխելու, մրոտելու, ցեխոտելու խնդրով կենսականորեն շահագրգռված երեք անձ կա՝ Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան, Ն. Փաշինյան։
Եվ երեքի համար էլ այդ շահագրգռության կենսականությունը, հատկապես վերջին շրջանում, անընդհատ աճում է։
Աճում է, քանի որ 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքների արդեն ծայր առած օբյեկտիվ դիտարկումները եւ անաչառ քննությունները մինչեւ 1998 թվականը պատմության եւ իրողությունների ֆոնին, նրանց հանցավորության հիմքերը օր օրի մեծացնում, ավելի ու ավելի առարկայական են դարձնում։
Եվ վերջապես, այդ մարդկանց քուն ու դադար չի տալիս մեր օրերի ամենահայտնի ղարաբաղցու՝ Զորի Բալայանի հետեւյալ խոստովանությունը.
«Ես միշտ, այսպես ասած, դեմ եմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը։ Սակայն այժմ, երբ ինձ հարց են տալիս, ես անկեղծորեն եւ գիտակցաբար պատասխանում եմ. «Լեւոնը խորապես մտել է պատմության մեջ՝ որպես Հայաստանի առաջին նախագահ, որի օրոք են տեղի ունեցել բոլոր հաղթանակները»։ Իսկ դա հավիտենական իրողություն է»։
Աշոտ Սարգսյան
Ilur.am. Թե ինչու է «հատկապես ՀՀՇ-ական շրջանը» դարձել բոլորի աչքի փուշը