ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երեւանում անցկացված Sada Cup միջազգային մրցաշարում։
Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ եւ պարտվել է երկու միավորի տարբերությամբ՝ 57-59։
Խաղը մեկնարկել է Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիզյանի խորհրդանշական նետումով։
Մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճել է 108-73 հաշվով ԱՄՆ թիմին հաղթած Իրանի թիմը։
Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի թիմին, իսկ երկրորդ խաղում 77։73 հաշվով առավելության էր հասել Իրանի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը նշել է, որ մրցաշարը հիանալի հնարավորություն էր թիմի իրական հնարավորությունները գնահատելու համար:
Հայաստան-Սիրիա հանդիպման լավագույն խաղացող, ինչպես նաեւ Sada Cup մրցաշարի լավագույն խաղարկող է ճանաչվել Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Ալբերտ Թադեւոսյանը։
Հայաստանի բասկետբոլի հավաքականը հունիսի 28-ին կմեկնի Մալթա՝ մասնակցելու Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Խաղերը կանցկացվեն հունիսի 28-ից հուլիսի 3-ը։