Ըստ թուրքական «Akşam» գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Բաքվում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան արտգործնախարարների հանդիպմանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին:
«Վճռականորեն աջակցում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Այն պետք է միմյանց կապի Ադրբեջանի արեւմտյան շրջանները եւ Նախիջեւանը։ Ակնկալում ենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
44-օրյա պատերազմից եւ 2020-ի նոյեմբերի 9/10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը մշտապես առաջ են քաշում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման: Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում միջանցքային տրամաբանությամբ ոչ մի հարց չի քննարկվում: