Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հունիսի 27-ին տեսակապով դիմելով Գերմանիայում ընթացող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասնակիցներին, հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմը հարկավոր է ավարտել մինչեւ տարեվերջ, մինչեւ ձմեռային ցուրտ եղանակի հաստատվելը։
Զելենսկին առաջատար արեւմտյան պետությունների ներկայացուցիչներին նաեւ կոչ է արել Կիեւին ՀՕՊ արդիական համակարգեր տրամադրելու, ինչպես նաեւ էլ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու Ռուսաստանի նկատմամբ։
Նա հավելել է որ Ռուսաստանի հետ բանակցությունների համար ժամանակը չի եկել, եւ որ Ուկրաինան պետք է համախմբի իր դիրքերը:
Ելիսեյան պալատում նշել են, որ Ուկրաինան բանակցությունները կսկսի այն ժամանակ, երբ կկարողանա դրանք վարել ուժեղ դիրքից:
Վտանգը դեռ չի վերացել ․ Սանդու
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հունիսի 27-ին ժամանել է Կիեւի մերձակայքի Բուչա քաղաք՝ ծանոթանալով այնտեղ փետրվար-մարտին՝ ռուսական ուժերի զավթման ընթացքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին։
«Մոլդովան խոցելի եւ փխրուն երկիր է, եւ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա եւս մեկ անգամ վկայեց, որ վտանգը չի վերացել»,- նշել է Սանդուն։
Մոլդովայի նախագահը նշել է, որ Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմը վկայեց, որ պետք է անել հնարավորը՝ ինքնիշխան պետություններ ներխուժող երկրներին զսպելու համար։