Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը հունիսին բազմամարդ է եղել։ Հատկապես հանգստյան օրերին հանրապետության տարբեր անկյուններից մեծ լոռեցու ծննդավայր են եկել հարյուրավոր աշակերտներ։ Թանգարանում պարզաբանում են՝ նման ակտիվությունը նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրով էր պայմանավորված։
Նշված ծրագրով հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն է ստանում մեկ անգամ անվճար այցելելու մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։
Իսկ ընդհանրապես թանգարանի մուտքի արժեքը դպրոցականների եւ ուսանողների համար 300 դրամ է, մյուսների համար՝ 500 դրամ։ Բացատրությամբ շրջայցի համար հարկավոր է եւս 1500 դրամ վճարել, ինչն օտարերկրացիների դեպքում 500 դրամով ավելի է։
Թանգարանի երկարամյա տնօրեն Ռոզա Ղազումյանն ասում է՝ մեկ էքսկուրսավար ունեն, բայց ծանրաբեռնված օրերին, որպեսզի այցելուները գոհ հեռանան Դսեղից, ինքն ու ֆոնդապահն էլ են օգնության հասնում։ Ամենայն հայոց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ռուս այցելուներին տնօրենն ինքն է պատմում․ օտար լեզուների իմացությամբ էքսկուրսավար չունեն։ Այլ դեպքերում էլ իրավիճակը զբոսավարներն են փրկում՝ թարգմանելով։
«Մենք համագործակցում ենք տուրիստական գործակալությունների հետ, գիտեն, որ պիտի հետները բերեն բացատրող, էքսկուրսավար»,- ասում է Ռոզա Ղազումյանը։
Թումանյանի տուն-թանգարանում այցելուներին ցանկության դեպքում ճախարակ, սանդերք գործածել են սովորեցնում։ Իսկ բանաստեղծի կազմած խաղ-հանելուկներով զբաղեցնում են երեխաներին։ My Armenia ծրագրի աջակցությամբ դրանք նաեւ անգլերեն են թարգմանվել։
Ամեն տարի Թումանյանի հայրական տան իրերը համալրվում են․ նրա թոռները, ըստ Ռոզա Ղազումյանի, ավանդաբար նոր ցուցանմուշներ են տրամադրում թանգարանին։
Հյուրերի պակաս էլ այստեղ չկա։ Հատկապես գերմանացի զբոսաշրջիկներ են շատ գալիս, իսկ այս տարի ռուս այցելուների հոսքն է մեծացել։
«Զբոսաշրջության զարգացմանը նպաստելու համար պիտի հարմարավետություն ստեղծել ոչ միայն թանգարանում, այլեւ ամբողջ գյուղում»,- ասում է Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը՝ նշելով ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը, ինչպես, օրինակ, գյուղի ջրի խնդրի լուծումը կամ լիճ տանող քարքարոտ ճանապարհի բարեկարգումը։ Թանգարանում նույնպես անելիքներ կան։
«Բակի սալահատակն է խախտվել, մատուռ գնացող մասում անհրաժեշտ է որեւէ կերպ լուծել այդ խնդիրը։ Ժամանակ առ ժամանակ հովանավորներ հայտնվում են, նաեւ պետական միջոցներով է լինում վերանորոգում։ Գրականության, արվեստի թանգարանի մասնաճյուղն ենք, դիմում ենք, օգնում են, ընդառաջում»,- եզրափակում է Ռոզա Ղազումյանը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։