ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 27-ին տեղի է ունեցել «Հալալ» միջազգային ստանդարտացման եւ սերտիֆիկացման կենտրոնի մասնագետների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու համար Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման եւ սերտիֆիկացման կենտրոն։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը նշել է, որ կենտրոնի հետ համագործակցությունը տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի հայրենական արտադրանքն արտահանելու դեպի արեւելյան շուկա եւ նոր գործընկերներ ձեռք բերելու։
Կենտրոնը սերտիֆիկացման հեղինակավոր մարմին է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում: 2002-ից գործունեություն է ծավալում ՌԴ մահմեդականների հոգեւոր կառավարման ներքո եւ համարվում է ԱՊՀ երկրներում «Հալալ» ինդուստրիայի հիմնադիրը։
«Հալալ» միջազգային ստանդարտացման եւ սերտիֆիկացման կենտրոնը սերտիֆիկացնում է արտադրանք եւ ծառայություններ՝ ներառյալ առեւտրի եւ հանրային սննդի ոլորտում։ Գործընկերային հարաբերություններ է հաստատել նաեւ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի արտադրողների հետ։
Կենտրոնի գլխավոր տնօրեն Հայդար Գազիզովը նշել է, որ հավաստագրեր կտրվեն մսամթերքին, թռչնամսին, ձկնեղենին, ինչպես նաեւ կաթին եւ կաթնային արտադրանքին, հացաբուլկեղենին ու հրուշակեղենին։ Կսերտիֆիկացվեն նաեւ սննդային հավելումներն ու այլ սննդամթերքը, առողջապահությունը, օծանելիքն ու կոսմետիկական միջոցները, զբոսաշրջությունը, ծառայությունները, վարսահարդարման, ֆիթնեսի եւ տաքսի ծառայությունները։
Ներկայում ավելի քան 40 ընկերություններ կենտրոնի միջոցով իրենց արտադրանքն արտահանում են Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Բահրեյն, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Իրանի Իսլամական Հանրապետություն։