ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ աշխատանքային այցով Հունաստանում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը առանձնազրույցի, այնուհետեւ ընդլայնված ձեւաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպել է իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի եւ Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի հետ։
Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-հունական հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխաջակցության եւ ընդհանուր արժեքների վրա:
Կողմերը գոհունակություն են հայտնել փոխգործակցության հարուստ օրակարգի եւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրելու համագործակցությունն առավել զարգացնելու եւ որակապես նոր մակարդակի բարձրացնելու առնչությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Հունաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին եւ տնտեսական կապերի հետագա ընդլայնման հնարավորություններին։ Կարեւորվել են հարուստ իրավապայմանագրային դաշտի հնարավորությունների օգտագործումը, հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի եւ գործարար շրջանակների միջեւ շփումների ակտիվացումը։
Ձգտում ենք կառուցելու խաղաղ, անվտանգ եւ կայուն Հարավային Կովկաս․ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը հայտարարել է, որ հրադադարից ավելի քան մեկուկես տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ու ԼՂ-ի նկատմամբ սադրիչ գործողությունները։
Նախարարը շեշտել է՝ ռազմատենչ, առավելապաշտական հռետորաբանությունը ադրբեջանական ղեկավարության ամենօրյա խոսույթի անբաժանելի մասն են դարձել։
Միրզոյանը նշել է նաեւ, որ խախտելով միջազգային հումանիտար իրավունքը եւ նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված:
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արարատ Միրզոյանը բոլոր քաղաքակիրթ երկրներին կոչ է արել նպաստելու ու պնդելու, որ Բաքուն վերադարձնի հայ գերիներին.
«Մենք իսկապես ձգտում ենք կառուցելու խաղաղ, անվտանգ եւ կայուն Հարավային Կովկաս եւ հուսով ենք, որ մեր հարեւանը կդադարեցնի իր առավելապաշտական նկրտումները եւ ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի բոլոր հարցերում»,-հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: