1994-2020 թվականներին ո՞վ է հիշել Ժելեզնովոդսկի պայմանավորվածությունների մասին, որ ըստ էության կանխորոշում էին Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարություն, ԼՂ-ի վերաբերյալ ոչ սահմանադրական ակտերի փոխադարձաբար չեղարկում։ (Ի դեպ, այդ փաստաթղթի տակ ստորագրել են ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, այլեւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանության ներկայացուցիչները)։
Պատերազմը դրանք թողել էր հեռավոր անցյալում։ Նույն տրամաբանությամբ չպետք է ողբերգություն սարքել, երբ Լավրովն ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նախորդ բոլոր մշակումներն այլեւս գործնական նշանակություն չունեն, իսկ «գետնի վրա» կա մի փաստաթուղթ՝ նոյեմբերի 9-ի Հայտարարությունը, որի դրույթներն էլ պետք է կյանքի կոչվեն։
Ճիշտ է ասում Սերգեյ Վիկտորովիչը։ Դրա համար նրան նույնիսկ կարելի է շնորհակալություն հայտնել, որովհետեւ նա հստակեցնում է իր երկրի ոչ միայն դերը, այլեւ ահռելի պատասխանատվությունը։ Եվ իրականության հետ ոչ մի աղերս չունեն հայ որոշ շրջանակների սպասումները, թե ահա Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան կհակադարձեն, կասեն՝ ո՛չ, Մինսկի խումբը կա, ԼՂ կարգավորման միջազգային միակ լեգիտիմ ձեւաչափն է եւ այլն, եւ այլն։ Չեն ասի։ Եվ երբեք էլ չեն ասել։ Այլապես քառասունչորսօրյա պատերազմ չէր լինի, 1994 թվականի մայիսի 12-ի ստատուս-քվոն էլ հօգուտ Ադրբեջանի չէր փոխվի։
Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան ֆորմալ առումով կմնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ժամանակ առ ժամանակ դեսպանի կամ արտաքին քաղաքական գերատեսչության ոչ առաջին դեմքի մակարդակով հայտարարություններ կանեն՝ սպասելով, թե Ռուսաստանն ինչպես է հերթական «ճահճի մեջ խրվում», որովհետեւ այն իմաստով, ինչ Լավրովն է ֆորմալ անոնսավորում, ԼՂ խնդիրը պարզապես մեկ լուծում ունի՝ բռնատեղահանել 120 հազար արցախահայերի, տեղաշրջանում հաստատել Ադրբեջանի «սահմանադրական կարգը»։
Իսկ դա ենթադրում է ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղարար առաքելության կատարյալ ֆիասկո, Պուտինի միջազգային հեղինակազրկման եւս մի օրինակ, Հարավային Կովկասից ռուսական ռազմաքաղաքական եւ քաղաքակրթական ներկայության վերացում։ Դա պե՞տք է Ռուսաստանին։
Ի վերջո Ռուսաստանի խնդիրն է՝ վերականգնո՞ւմ է հետխորհրդային տարածքում «նայողի» դերը, թե՞ «կիսվում» Չինաստանի կամ Թուրքիայի հետ։ Մենք ունենք Ռուսաստանի հետ բոլորովին նոր, պատմական բարդույթներից ազատ, ինչ-որ տեղ՝ նույնիսկ «ցինիկ» դիսկուրս բացելու անհրաժեշտություն, որից քսան տարի համառորեն խուսափել ենք՝ փայփայելով «կրտսեր դաշնակցի»՝ Ներսես Աշտարակեցու ժամանակներից ինքներս մեզ վերագրած կերպարը։
Բաքվի նոր «Հռչակագրով» Լավրովը հատկապես ԼՂ իշխանություններին եւ քաղաքական ուժերին, ամբողջ արցախահայությանը տվեց այդ աուրայից դուրս գալու թե՛ իրավական, թե՛, մանավանդ, բարոյական իրավունք։ Այլեւս իմաստ չունի սեթեւեթելու, որ «եթե Արցախ չլինի, ռուսները հաջորդ ճակատամարտն ընդունելու են Կուլիկովյան դաշտում»։ Ինչպես ասում են՝ իրենց պրոբլեմն է։
Ռուսաստանը երեք հարյուր տարի Ոսկե հորդայի հարկատուն է եղել միայն այն պատճառով, որ ոչ թե մոնղոլ-թաթարներին, այլ լեհական «շլյախտային» եւ գերմանացի ասպետներին է թշնամի գիտակցել։ Նույնը կարող է կրկնվել այսօր։ Իսկ մոնղոլ-թաթարական հեղեղի մեջ Խաչենի իշխանապետությունը գոյատեւել է, որովհետեւ Հասան-Ջալալ Դոլա իշխանը հույսը չի դրել Կուլիկովյան դաշտի վրա, ինքնուրույնաբար բանակցությունների մեջ է մտել մոնղոլների հետ, եւ ավերի ու կործանումների հենց այդ դարաշրջանում է հառնել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարը։
Մենք պատմության վերաիմաստավորման հրամայականի դիմաց ենք։ Եվ դասալքություն կլինի, եթե իրականությանը չառերեսվենք այնպես, ինչպես թելադրում են Լավրովի «հունիսյան թեզիսները»։ Դիվանագիտության լեզվի «ժապավենը» մի քանի «գիծ» ունի, պետք է կարողանալ «որսալ» ենթատեքստերը։ Եվ ինչո՞ւ բացառել, որ Լավրովն ավելի ծանր մարտահրավեր չի առաջադրել Իլհամ Ալիեւին։ Եթե նախկին «մշակումներն» այլեւս օրախնդիր չեն, ապա 120 հազար հայ մարդու ի՞նչ է առաջարկում Բաքուն։ Բավական չէ ասել՝ «չկա Լեռնային Ղարաբաղ, հակամարտությունը մնացել է անցյալում»։ Պետք է կարողանաս գտնել «մոդուսը»։
Լավրո՞վն է դա առաջարկելու։ Լավրովը կո՞ղմ է կանգնելու։ Նրան ընդամենը պետք է, որ Ադրբեջանը ներգրվի հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն կառույցների՞ն։ Իսկ դրանք կյանքի կոչելու ռեսուրս Ռուսաստանն ունի՞։ Լեռնային Ղարաբաղո՞վ է «հնազանդեցնելու» Իլհամ Ալիեւին։ Սրանք հարցեր են, որ Ստեփանակերտի համար պիտի օրակարգ լինեն։ Լավրովն իր բաժին պատասխանատվությունը ստանձնեց եւ բաց հայտարարեց։ Այսուհետեւ նրա վիզավի ոչ այնքան Երեւանը, որքան Ստեփանակերտն է, որ ուղղակի պարտավոր է հաղթահարել անայլընտրանքայնության բարդույթը։ Այդ դեպքում Արցախը կունենա սուբյեկտություն, կլինի գործընթացի դերակատար։ Լավրովը, թերեւս, նաեւ նման պատասխանատվությո՞ւն է վերցնում։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։