Ճապոնացիները դեռ 11-րդ դարից աղբ էին վերամշակում։ Շվեյցարիայում առանձին վերամշակվում են չոր տերեւներն ու ճյուղերը, իսկ Հայաստանում աղբը դեռ գարշահոտում եւ շրջակա միջավայրին անդառնալի վնասներ է հասցնում։
Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ եւ Ծովինար համայնքների աղբանոցներում կարելի է գտնել անսահմանափակ քանակությամբ պլաստիկներ, մարտկոցներ (ի դեպ, դրանց վրա նշված է, որ չի կարելի նետել աղբամանը) եւ չփտող ու հրդեհավտանգ այլ առարկաներ։
Այս նկարներն արված են Սեւանա լճի ափամերձ հատվածում։ Աղբը ոչ միայն ափին հանգստացողների, այլեւ համայնքի բնակիչների կենցաղային թափոնների ամբողջությունն է։
2020 թվականի սեպտեմբերի 12-ին EcosrteeՏ նախաձեռնության անդամները Սեւանի ափամերձ տարածքից ամբողջությամբ մաքրել ու հեռացրել են աղբը, բայց դա երկարատեւ լուծում չէ։ Ափամերձ հատվածը հիմա նորից աղբանոցի է վերածվել։
Արծվանիստ համայնքի վարչական ղեկավար Ռուբիկ Սիրականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք էլ իրենց աշխատակազմով գնում, մաքրում են, իսկ 2022 թվականի փետրվարի 9-ից համայնքում արդեն աղբահանություն կա։ Նա նշեց, որ դա մեծ առաջընթաց է, որովհետեւ մարդիկ այլեւս Սեւանի ափամերձ հատվածներում աղբ չեն լցնի։
Նույն կարծիքին է նաեւ Ծովինար համայնքի վարչական ղեկավար Արայիկ Թարփոշյանը։ Ասում է՝ իրենք աղբատար մեքենա են վարձել, որը հավաքում եւ գյուղի աղբն աղբանոց է տեղափոխում։
Երկու համայնքների աղբանոցներն էլ գերեզմանոցների հաեւանությամբ են։ Երկու աղբանոցներն էլ զբաղեցնում են մեծ տարածքներ։ Երկուսն էլ մեծ փոսեր են, որոնց պարունակությունը ժամանակ առ ժամանակ վառվում եւ ծածկվում է հողով։
Ծովինարի վարչական ղեկավարն ասում է, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Աբովյան քաղաքում բացվող աղբի վերամշակման գործարանի հետ, հենց իրենք էլ կգան եւ աղբը կտանեն վերամշակման։ Դա կլինի այս տարվա աշնանից։
Իսկ թե ինչ է լինելու աղբանոցների հետ, դեռ չգիտեն։ Արայիկ Թարփոշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք հստակ գիտակցում են՝ աղբանոցում կան վտանգավոր թափոններ, բայց ոչինչ չեն կարող անել, այս պահին սպասում են վերամշակման գործարանի բացվելուն։
Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ եւս խոսեցինք։ Նա հավաստիացրեց, որ 2022 թվականի վերջին համայնքներում այլեւս չենք ունենա աղբի խնդիր, աղբն անպայման կվերամշակվի։
Իհարկե, խոստումնալից են թվում աղբի վերամշակման տեսլականները, սակայն արդեն իսկ եղած աղբը մեծ վտանգ է ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ ջրային պաշարի, առավելապես Սեւանի համար։
Սերինե Աղաբեկյան