Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաեդ Խաթիբզադեն հայտարարել է, որ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի ճակատագիրը կախված է Վաշինգտոնից։ Նա հավելել է, որ գնդակն այժմ ամերիկացիների դաշտում է։
Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակն ընդգծել է, որ առանցքայինն Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերացման հարցն է:
Խաթիբզադեն նաեւ հաստատել է, որ արդեն այս շաբաթ Պարսից ծոցի երկրներից մեկում բանակցությունների նոր փուլ տեղի կունենա։
«Այդ բանակցություններն ուղղակի բնույթ չեն ունենա եւ նվիրված կլինեն ոչ թե բուն միջուկային խնդրին, այլ պատժամիջոցների վերացմանը»,- նշել է Խաթիբզադեն։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը համոզմունք էր հայտնել, որ ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցությունները 2015-ի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ շուտով կվերսկսվեն:
Իսրայելը դեմ է վա՛տ համաձայնագրի կնքմանը
Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ միջնորդավորված բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունների պայմաններում Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայելը փորձելու է ազդել Իրանի հետ միջազգային հանրության բանակցությունների վրա։
Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Իսրայելը դեմ չէ Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը։ Իսրայելն, ըստ այդ երկրի պաշտպանության նախարարի, դեմ է վա՛տ համաձայնագրի կնքմանը։
«Հաշվի առնելով, որ ակնկալվում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը, շարունակելու ենք աշխատել Միացյալ Նահանգների եւ մյուս պետությունների հետ՝ հստակորեն ներկայացնելով մեր տեսակետը եւ ազդելով համաձայնագրի մշակման վրա»,- հայտարարել է Բենի Գանցը։