«Մարդը աղբ է». սուր հումորով, կոշտ ձեւակերպումներով հայտնի արվեստագետ Գրիգոր Խաչատրյանն իր թափոնային քանդակներն այսպես է բնորոշում, իր կողքի կանգնածներին էլ դիմում. «Ձեր մեջ, օրինակ, ամեն օր չի՞ կուտակվում մեծ քանակությամբ աղբ՝ մտքեր, անիմաստ ինֆորմացիա, վերջապես ոչ օգտակար սնունդ։ Ո՞րն է եզրահանգումը․ այո՛, մարդը աղբ է, այլ գաղափար քանդակի մեջ մի՛ փնտրեք»։
Կենցաղային աղբից պատրաստված քանդակներից երկուսը տեղադրվել են Հյուսիսային պողոտա եւ Կողբացի խաչմերուկում, մյուս երկուսը հունիսի 27-ին վերջնական հանգրվանը գտան «Հայարտ» մշակութային կենտրոնի բակում:
Նախնական էսքիզով քանդակներն այլ տեսք պետք է ունենային, բայց պատրաստելու ընթացքում փոխվեցին։ Արվեստագետը խնդիրների, ասելիքի վրա ուշադրություն սեւեռելու համար միշտ կտրուկ արտահայտչամիջոցների է դիմում։
«Junk Sculpture» կամ «Թափոնային քանդակ» նախագիծը, որ կրում է «Մեկի աղբը մյուսի արվեստն է» խորագիրը, նպատակ ունի վերաիմաստավորելու մեզ շրջապատող աշխարհը, ցույց տալու, որ միշտ չէ, որ գետնին նետածն աղբ է:
Քսանհինգից ավելի առաջարկից ընտրվել է միայն չորսը, նախագիծն իրականացվում է քաղաքապետարանի հետ։ Անցյալ տարի, երբ մրցույթը հայտարարվեց, նախատեսվում էր քանդակները տեղադրել Երեւանի տարբեր հատվածներում։ Հետո որոշումը փոխվեց, դրանցից երեքը տեղադրվեցին «Հայարտ» մշակութային կենտրոնի բակում։
Ընտրվել էին նկարիչներ Անի Հովակի, Գրիգոր Խաչատրյանի, Մարտիրոս Բադալյանի առաջարկները, իսկ նկարիչ Արմեն Անտոնյանն ու քանդակագործ Էդգար Գրիգորյանը ստեղծագործական խմբով են ներկայացրել առաջարկը: Վերջիններիս քանդակների տեղադրման վայրը դեռ հայտնի չէ։
«Հայարտ»-ի տանիքի տակ տեղ գտավ նաեւ Անի Հովակի ծավալային ճնճղուկը։ Պլաստիկե շշեր, խողովակներ, մետաղի ջարդոն, մալուխ, հողաթափներ, խաղալիքներ, մեքենայի մասեր․․․ Նյութ գտնելու առանձնապես մեծ խնդիր չի ունեցել Անին, մեր քաղաքում ամեն քայլափոխի աղբ կարելի է տեսնել։ Նկարչուհին աղբն անձամբ է հավաքել իրենց թաղամասից, քանդակի գաղափարը նաեւ շուրջը մաքրելն ու սեփական ձեռքերով հավաքած անպետք իրերին երկրորդ կյանք հաղորդելն է եղել։
«Կարեւոր է օգնել բնությանը՝ օգտագործելով այնպիսի նյութեր, որոնք տասնամյակներով չեն մարսվում»,- ասում է նկարչուհին։ Նա ցույց է տալիս, որ նույնիսկ առաջին հայացքից կոպիտ, կոշտ իրերը կարող են ներդաշնակ լինել վառ գույների, գեղեցիկ պատկերների հետ։
Հայարտի մուտքի մոտ տեղադրված քանդակն Անիի ամենածավալուն աշխատանքն է. «Եթե ինձ պատվիրեին շարք անել, ես կսարքեի 70 թռչուն եւ կտեղադրեի հայաստանյան բոլոր քաղաքներում։ Դրանք կլինեին տարբեր: Թռչունները, որոնց վրա աշխատում եմ հիմա, փոքր չափերի են եւ կոչվում են «դրախտի ծիտիկներ»»։
Աշխարհում «Junk Art»-ը՝ թափոնային արվեստը, տարածված է: Թափոնային արվեստի միջոցով ցույց է տրվում, որ տվյալ քաղաքը, հասարակությունն ուզում է ունենալ անվնաս շրջակա միջավայր: Ըստ «Արէ» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարինե Կարոյանի՝ մեր հասարակությունը բնապահպանական դաստիարակության մեծ պակաս ունի, իսկ այս նախագիծը շրջապատը չաղտոտելու յուրահատուկ ուղերձ ունի։
Նախագիծը գալիս է կոտրելու նաեւ ավանդական քանդակի մասին կարծրատիպները. մոնումենտալ արձանների կողքին հայտնվում են մայրաքաղաքին ժամանակակից շունչ հաղորդող քանդակներ, որոնք ընդգծում են քաղաքի բնավորությունը: «Junk Art»-ի՝ թափոնային արվեստի նպատակն առհասարակ ցույց տալն է, որ տվյալ քաղաքը, հասարակությունն ուզում է ունենալ անվնաս շրջակա միջավայր:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։