ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը եւ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել են նախագահ Ջո Բայդենի «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու փաստը։ Ըստ Կոնգրեսականների՝ դրանով դարձյալ հնարավոր է դարձել, որ ԱՄՆ-ը ռազմական աջակցություն տրամադրի Ադրբեջանին։
Մենենդեսը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Բայդենի որոշման առնչությամբ: Մասնավորապես, կոնգրեսականը հիշեցրել է, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հարձակումից հետո ավելի քան 6500 մարդ զոհվեց, 100 հազարից ավելի էթնիկ հայեր տեղահանվեցին։
Մենենդեսը անտրամաբանական է որակել այն մտայնությունը, ըստ որի՝ ԱՄՆ աջակցությունն ու վերապատրաստումները չեն ազդել Հայաստանի հետ ռազմական հավասարակշռության վրա:
«Ես շարունակելու եմ խստորեն վերահսկել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն եւ ակնկալում եմ, որ պետդեպարտամենտը կգործի լիակատար թափանցիկությամբ եւ Կոնգրեսին կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները Բաքվին տրամադրվող ցանկացած օգնություն գնահատելու համար»,- նշել է Մենենդեսը:
Բաքուն շարունակում է ապօրինաբար ձերբակալված պահել հայ զինվորներին
Ադամ Շիֆն իր հերթին խոստացել է աշխատանքներ ծավալել Կոնգրեսում՝ 907-րդ լրացումը շրջանցելու՝ նախագահի լիազորությունը վերացնելու ուղղությամբ: Ամերիկացի կոնգրեսականը նշել է, որ Ադրբեջանը պատասխանատու է Հայաստանում եւ Արցախում մարդասիրական աղետ առաջացնելու հարցում։
Շիֆը նշել է, որ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը հազարավոր հայերի է սպանել եւ ավելի մեծ թվով հայերի էլ ստիպել է լքել իրենց պատմական հայրենիքը: Կոնգրեսականն ընդգծել է, որ մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար ձերբակալված պահել հայ զինվորների, ովքեր ենթարկվում են խոշտանգումների։
Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Լեռնային Ղարաբաղի հազարավոր անմեղ քաղաքացիներին, ովքեր ապրում են նոր հարձակման եւ ներխուժման ենթարկվելու վտանգի մեջ։
«Ոչ մի պարագայում ԱՄՆ-ը չպետք է ռազմական աջակցություն տրամադրի նման վարչակարգին։ Դա ոչ միայն դեմ է մեր ժողովրդի հիմնական ժողովրդավարական արժեքներին, այլեւ կարող է քաջալերել Ալիեւի ռեժիմին՝ շարունակել սադրիչ գործողություններն ընդդեմ հայերի: Նախագահ Բայդենը չպետք է շրջանցեր 907-րդ լրացումը»,- շեշտել է Ադամ Շիֆը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2022 թվականին կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ նման կերպ հնարավորություն տալով Միացյալ Նահանգներին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրելու Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին:
907-րդ լրացումը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը
Ուշագրավ է, որ Բայդենը դեռեւս իբրեւ նախագահի թեկնածու հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պետք է հավատարիմ մնա «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմանը՝ «դադարեցնելով ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան»: Սակայն արդեն իբրեւ ԱՄՆ նախագահ՝ 2021-ին հետ էր կանգնել իր նախկին հայտարարությունից եւ բյուջետային տարում ներառել Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնության տրամադրումը:
1992-ին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Լրացումը ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի եւ Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:
2002 թվականին Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը եւ ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին: