Հունիսի 27-ին «Ալիք Մեդիան» հրապարակեց հասարակական մի շարք կազմակերպությունների հայտարարությունը «Մոտկորի զարգացման միավորում» ստեղծելու մասին։ Ներկայացնում ենք «Մոտկոր» հատուկ գոտու պահպանության եւ զարգացման ծրագիրը, որը 2008-2022 թվականներին մշակել է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային, բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը։
«Մոտկոր» հատուկ գոտու պահպանության եւ զարգացման ծրագիր
ՎԱՅՐԸ Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ներկայիս Թումանյան համայնք, Մոտկորի գյուղախումբ` Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր գյուղեր (ժողովրդական-պատմամշակութային ինքնանվանումը՝ Մոտկոր), ապա եւ նույն համայնքի Դսեղ եւ Չկալով գյուղեր, Թումանյան քաղաք, Քոբայր, շուրջ 6000 բնակիչ՝ ըստ պաշտոնական տվյալների:
ՄԻՋԱՎԱՅՐԸ Նույն գյուղախմբի բնական միջավայրը՝ նախալեռնային, լեռնային, անտառածածկ գոտի (ՀՀ էկոնոմիկայի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին «Դսեղի անտառտնտեսություն»), ընդհանուր տարածքը՝ շուրջ 16000-18000 հեկտար։
Հավանական տրամաբանական ընդլայնումը. ռելիեֆային – բնապահպանական միջանցքների սկզբունքի գրագետ կիրառման դեպքում` Գուգարաց լեռնաշղթայով, մարզի Դեբետ, Եղեգնուտ, Վահագնի, Ծաղկաշատ, Հաղպատ բնակավայրերն ու նրանց միջավայրը:
ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸՀարաբերական մեկուսացվածություն, սակավամարդություն եւ կոմպակտություն։ Հարուստ, անտառոտ, կանաչ ունիկալ միջավայր: Պատմամշակութային չուսումնասիրված, վատ ուսումնասիրված բազմաթիվ շերտերի, բնակավայրերի, հուշարձանների առկայություն` ՄՈՏԿՈՐ: Մշակութային ինքնության հզոր քարտ-հաղթաթուղթ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ:
Մոտ է Ալավերդուն, Սանահինին, Հաղպատին (միջին հեռացածությունը` 10-30 կմ), Վանաձորին (միջին հեռացածությունը՝ մոտ 30-50 կմ), Դիլիջանին եւ Հաղարծնին (մոտ 20 կիլոմետր Ահնիձորից եւ Աթանից). Տավուշում Դիլիջանի նախկին արգելոցի (Դիլիջան ազգային պարկ) դեռ պահպանված կենդանական աշխարհը հիմնականում տեղափոխվել է այս գոտի: Մյուս կողմից` Դիլիջանի էապես արագ զարգացումը կարող է զարկ տալ Մոտկորի՝ որպես էկոմշակութային, զբոսաշրջային, ագրոգոտու զարգացմանը, կարող է զբոսաշրջային լեռնային ուղի — արահետներ ձեւավորել Մոտկորի եւ նշված հարեւան բնակավայրերի, ապա եւ Ծաղկաշատ-Հաղպատի, Ենոքավան-Իջեւան-Խաշթառակի, Նոյեմբերյան քաղաքի եւ ենթաշրջանի գյուղերի եւ նրանց` Մոտկորին անմիջապես սահմանակից արոտավայրերի եւ ուրթերի հետ։
Շատ հարուստ բնական, անտառային, պատմաճարտարապետական եւ հնագիտական, մշակութային, հարաբերականորեն քիչ աղճատված միջավայր, որ վատ է ուսումնասիրված եւ ունի հարուստ պոտենցիալ։
Բնակչության բարյացակամություն, համագործակցելու, ներգրավվելու ցանկություն (վստահություն ձեւավորելու դեպքում), բավարար, միջինից բարձր գրագիտություն։
ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Բնակչության աղքատություն կամ սոցիալ-տնտեսական անապահով վիճակ։
- Աշխատազրկություն եւ ինտենսիվ արտագաղթ։
- Նախաձեռնողականության եւ կամքի ճնշվածություն եւ կոտրվածություն, օտարում միջավայրից:
- Բնական միջավայրի անխնա շահագործում, ոչնչացում. անտառահատումներ, փոքր ՀԷԿ-եր, հանքերի առկայություն կամ դրանց բացման սպառնալիք, չարտոնված որս եւ այլն։
- Պարզունակ անասնապահություն, գյուղական տնտեսության վարման ոչ էֆեկտիվ ձեւեր, հողի սպառվածություն։
- Ճանապարհների, էլեկտրամատակարարման, գազի մատակարարման, ջրային ռեսուրսների անխնամ, անբարվոք վիճակ:
ԳԱՂԱՓԱՐԸ Համայնքի բնակավայրերի ներգրավմամբ, հասարակական կառույցների, ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների, հանրային-ժողովրդական ֆոնդավորման, հովանավորների եւ, իհարկե, պետական կառույցների հետ համագործակցելով, ձեւավորել մշակութային-բնապահպանական-գյուղատնտեսական հատուկ գոտի.
Ա. Գերակա առաջնահերթություն ճանաչելով համայնքի եւ հարակից բնակավայրերի իրավիճակն ու պահանջարկը, ծանոթանալով առկա իրավիճակին եւ հնարավորություններին՝ վերլուծել դրանք եւ նախաձեռնել փոքր եւ միջին բիզնեսի յուրահատուկ ծրագրեր։ Այդ նպատակով դիմել, համագործակցել հասարակական, միջազգային կառույցների, ՀՀ Կառավարության ու նրա ստորաբաժանումների հետ:
«Մոտկոր» հատուկ գոտում ներդնել.
Էկո, ապա նաեւ օրգանական գյուղատնտեսություն եւ առաջադեմ տեխնոլոգիաներ. հատկապես անասնապահություն, մեղվապահություն եւ թռչնաբուծություն, հատապտուղների, դեղաբույսերի, թրմօղու, ուտելի կանաչեղենի (ժողովում) արտադրություն եւ այլն։
Բնապահպանական գիտազբոսաշրջային, զբոսաշրջային, գիտական նախագծեր:
Մշակութային, բնապահպանական, պատմական զբոսաշրջության ծրագրեր:
Հյուրատներ, վրանատեղեր, լեռնային հետիոտն, հեծյալ, հեծանվային եւ այլ զբոսաշրջություն:
Բ. ՀՀ Կառավարության եւ նրա համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկել եւ հաստատել տարածքի եւ նրա հատվածների` սեգմենտների կարգավիճակ(ներ)ը՝ համաձայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունների, կիրառելով միջազգային փորձը, միջազգային մշակութային եւ բնապահպանական օրենսդրության առաջադեմ եւ գերակա նորմերը։
Գ. Որպես վայրի բնության եւ անտառի կառավարման ժամանակակից համաշխարհային նորագույն փորձի տեղայնացման աշխատող եւ հեռանկարային մոդել` տեղում ձեւավորել բնության, մշակույթի, պատմության հատուկ պահպանվող տարածքներ (ազգային պարկ, արգելավայր, արգելոց եւ այլն):
Ստեղծել «Մոտկոր» կամ Մոտկոր-Գուգարաց ազգային պարկ `«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին «Դսեղի անտառտնտեսության» տարածքը` 15500 հա եւ հաստիքային միավորները տեղափոխելով այդ պարկի կառավարմանը՝ ըստ անհրաժեշտության ավելացնելով կամ կրճատելով հաստիքային միավորները։
Դ. Ուսումնասիրել տարածքի ընձեռած բնական-բնապահպանական, պատմամշակութային հնարավորությունները։ «Մոտկոր» գոտում ներդնել բնապահպանական եւ բնօգտագործման ժամանակակից, էֆեկտիվ համակարգեր, գիտական ծրագրեր, այդ թվում՝ բնական ու պատմական-հնագիտական չուսումնասիրված, վատ ուսումնասիրված շերտերի՝ դրանցում, ըստ անհրաժեշտության, ձեւավորելով եւ առանձնացնելով պատմամշակութային հնավայր-արգելոցներ:
ԲՆՈՒԹՅՈՒՆ ուսումնասիրված չեն եւ անհայտ են տարածքի սողուններն ու երկկենցաղները, բուսական աշխարհը, բացի ծառատեսակներից, ուսումնասիրված է խիստ թերի, տարածքում վերականգնողական անտառաբուծության եւ վերականգնողական կենդանաբուծության փայլուն հնարավորություններ կան:
ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏՈԻԹՅՈԻՆ «Մոտկոր» եւ «Քարինջ», «Ահնիձոր» — «Ահնիզորավոր», «Մարց», «Սոթ» տեղանունները վկայությունն են միջավայրում դեռ նախապատմական դարաշրջանից առկա անհայտ կամ վատ հայտնի շերտերի (օրինակ` «Քարինջ»-«Քարահունջ» պարզ ու ակնհայտ զուգամիտում է, իսկ «Մոտկոր»-ը միջնադարյան անհետացած քաղաք է. դա են վկայում տեղում առկա բազում շինությունները, խաչքարերը լեռներում եւ անտառներում)։
Ե. Գոտու առաջնահերթ զարգացման համար օգտագործել արդեն իսկ առկա գրավչական հնարավորությունները:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Օժանդակել արդեն իսկ առկա մեղվաբուծական, անասնապահական պոտենցիալին՝ թռչնաբուծական եւ անասնապահական, ներդնելկաթնա-մսամթերքի արտադրության փոքր եւ միջին բիզնեսի ծրագրեր՝ արտադրանքի էկոլոգիական առանձնահատուկ որակի, ապա եւ սերտիֆիկացված՝ օրգանականության գրավչության գործածմամբ։
Ծառերի տնկարանների, հատապտղարանների, օրգանական պարարտանյութի՝ հումուսի փոքր եւ միջին բիզնեսների հիմնադրում։
Տարածքից վերացած կամ վերացող կենդանատեսակների վերականգնման, վերաբնակեցման ծրագրերի մշակում եւ իրականացում՞
1920-ականներին Հայաստանում բնաջնջվել է Ազնվազարմ եղջերուն: Ըստ միջազգային ուսումնասիրությունների եւ առկա փորձառության՝ տեսակի վերականգնումը կարող է գիտա-բնապահպանական շահավետ բիզնես ծրագիր դառնալ։
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ՊԱՏՄԱԿԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Համայնքներում ստեղծել հյուրատներ կամ ավելացնել արդեն իսկ առկաների քանակը (օրինակ` Դսեղում, Թումանյանում)։ Ձեւավորել օրիգինալ՝ ամառային կացարան հյուրատների ցանց լեռներում՝ ամառային արոտավայրերի ժամանակավոր բնակատեղերում (ուրթեր)՝ այդ նպատակներով դրամաշնորհների դիմելով, գտնելով համաֆինանսավորման եւ այլ տարբերակներ։
Գոտու ներսում մշակել եւ ներդնել ժամանած հովեկների հետիոտն, հեծանվային, ամենագնացներով կամ հեծյալ շրջագայության երթուղիներ։ Գոտին երթուղիներով կապել հարակից տարածքների հետ՝ Հաղարծին, Հաղպատ, Սանահին, Քոբայր, Լաստիվեր, Օձուն, Խաշթառակ եւ այլն։
Դսեղում Թումանյանի եւ Ահնիձորում Մաթեւոսյանի անունների հառնչությամբ մշակել եւ ներդնել մշակութային-իմացաբանական ծրագիր, զարգացնել մշակութային զբոսաշրջությունը, հիմնել միջազգային փառատոներ, իրացնել կրթական ծրագրեր։
Բնապահպանական, պատմահնագիտական եւ գյուղատնտեսության՝ անասնապահության, հավաքչարարության ոլորտներում իրականացվող ծրագրերի գրավչությամբ ներգրավել համապատասխան հովեկների։
Ծրագրի իրականացման պարտադիր նախապայման է նրա իրականացման նպատակով ինտեգրված եւ ինտենսիվ համագործակցությունը Հայաստանի պատկան մարմինների, միջազգային, գիտամշակութային տարաբնույթ կազմակերպությունների, դոնորների, ներդնողների հետ։
Ծրագիրն աստիճանական է եւ երկարաժամկետ։ Նրա բաղադրիչ-սեգմենտները իրականանալի են նաեւ առանձնաբար՝ զուգահեռ կամ հաջորդականորեն։
ԻՀԱՐԿԵ առաջնային են եւ միանգամայն իրականանալի՝ գյուղերում փոքր եւ միջին բիզնես ծրագրերի ներդրման քայլերը։
Ծրագրի բյուջեն պրոֆեսիոնալ վերլուծության եւ ձեւավորման կարիք ունի։
Ծրագրի իրականացման առաջնային նախապայմանը միջավայրի նախնական ձեւավորումն է «Մոտկոր գոտու» ստեղծմամբ։
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Պահպանելով համայնքները՝ կկանխի տեղի բնակչության արտագաղթը եւ կխթանի նրա աճը:
Աղքատության, սոցիալական անապահովության շեմից կհեռացնի տեղի ողջ բնակչությանը կամ նրա ճնշող մասին:
Կբերի Մոտկորի գյուղախմբի, Թումանյան համայնքի, հարեւան համայնքների բարգավաճմանը եւ հարստացմանը, դրանք կհամարկի Հայաստանին եւ արտաքին աշխարհին՝ միաժամանակ զերծ պահելով դրանք արտաքին անբարենպաստ ազդեցություններից:
Կկասեցնի Մոտկորի եւ շրջակա բնական միջավայրի հետագա ոչնչացումը:
Կուսումնասիրի, կվերականգնի կամ կվերստեղծի բնական միջավայրը՝ այն կոնսերվացնելով կամ էապես մոտեցնելով իր նախաստեղծ վիճակին:
Փաստացի կապացուցի Հայաստանում մարդու, հանրության եւ միջավայրի միջեւ օրինակելի եւ էֆեկտիվ, ներդաշնակ ու կայուն, զարգացող մոդելի գոյության (գուցե եւ` ընդարձակման) հնարավորությունը։