Երեկ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում խոսել է այն մասին, թե ինչու է Բրյուսելում տապալվել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ «Նրանք կաթիլ-կաթիլ փորձում են կուտակել նոր պատերազմի լեգիտիմություն ընդդեմ ՀՀ-ի ու Արցախի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանը պատերազմի լեգիտիմությունը կուտակում է ոչ միայն ՀՀ-ի հաշվին։ Ուկրաինական պատերազմը եվրոպական շուկայից դուրս է մղում ռուսական գազն ու նավթը։ Դրան, ի թիվս այլ երկրների, կփոխարինի ադրբեջանականը։
Պետք է հասկանալ, թե հատկապես ինչը կարող է պատճառ դառնալ նոր պատերազմի։ Փաշինյանն ասում է, որ պատճառներից մեկը սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերն են։ Այսինքն՝ Ադրբեջանը չի ստանում իր ուզածը։ Եվ իսկապես, եթե ամբողջ աշխարհի համար գոյություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկարգավորված սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարց, որը բանակցություններով չի լուծվում, մնում է պատերազմը։ Նույնը նաեւ միջանցքի դեպքում։ Ադրբեջանը միջանցք է ուզում, Հայաստանն ասում է՝ մոռացե՛ք։
Բայց արդյո՞ք Ադրբեջանը պատերազմ կհրահրի։
Երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահեցնում էր, որ «Նիկոլ Փաշինյանը միջանցքի մասին խոստում չի տվել, միջանցքի մասին խոստումը Ադրբեջանին ու Թուրքիային տվել է Վլադիմիր Պուտինը»։ Միանգամից ասեմ` խելքին մոտ է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ միջանցքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են ռուսները։ Ռուսներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է Հայաստանի ծայր հարավում ունենալ ահռելի ներկայացվածություն, որովհետեւ Հայաստանի հարավը Հնդկաստան-ԵՄ ապագա առեւտրաշրջանառության կարեւոր հանգույցներից է, որի շուրջ բանակցությունների առաջին փուլը մեկնարկել է հունիսի 27-ին։ Դրանք ընդհատվել էին ավելի քան տասը տարի առաջ։
Հնդկաստանը եւ ԵՄ-ն այդ տրանզիտի միակ շահառուն չեն, կա Չինաստանը, կա Իրանը։ Իսկ այս երկրները չեն ցանկանա Հայաստանի տարածքով Ռուսաստանի աչալուրջ հայացքի ներքո առեւտրաշրջանառություն իրականացնել։ Կարճ ասած` Հայաստանը պետք է ընտրի՝ կա’մ Ռուսաստանը, կա’մ ավելի գլոբալ տնտեսական մի նախագիծ, որում ինքը դառնում է միջազգային խաղացող, իսկ նրա նկատմամբ որեւէ ռազմական ոտնձգություն, տվյալ դեպքում Ադրբեջանի կողմից, թեմա կդառնա ամբողջ միջազգային հանրության համար։
Պատերազմն Ադրբեջանին պետք չէ Սյունիքը գրավելու համար, պատերազմը պետք է, որպեսզի Ռուսաստանը կարողանա ստանալ այն, ինչ հենց պատերազմի պատճառով ստացավ Ղարաբաղում։
Գիտե՞ն սա միջազգային խաղացողները։ Իհարկե գիտեն։ Նրանք ՀՀ-ին ասում են՝ եթե դիմադրես, կաջակցենք, բայց քո փոխարեն դիմադրել չենք կարող։ Հենց դա էլ այսօր անում է Հայաստանը։ Այլ հարց է՝ կառավարելի՞ է այդ դիմադրությունը։ Այսինքն` չի” կարող այն դուրս գալ Հայաստանի եւ միջազգային խաղացողների վերահսկողությունից, որոնց այս պահին գոնե այստեղ հակադրվում է Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա դաշինքը։
Ի դեպ, պատերազմի հավանականության մասին խոսելով՝ Փաշինյանն արդյո՞ք մեզ չի նախապատրաստում նոր պատերազմի, որն ինքը կանխել չի կարող։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: