ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնել են, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի հրամանով հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերն` ըստ առարկաների։
Քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը, մասնավորապես հուլիսի 4-ին՝ «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն», հուլիսի 5-ին՝ «Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն), հուլիսի 6-ին՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն», հուլիսի 7-ին՝ «Մաթեմատիկա», հուլիսի 8-ին՝ «Հայոց պատմություն» եւ «Ֆիզիկա», հուլիսի 9-ին՝ «Քիմիա» եւ «Ռուսերեն»։
Երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երեւանում։
Նշենք, որ բուհերի ընդունելության երկրորդ (լրացուցիչ) փուլի դիմում-հայտերի ընդունելությունը մեկնարկել է հունիսի 26-ից եւ կշարունակվի մինչեւ հուլիսի 1-ը` 17:00-ն ներառյալ:
Առցանց եղանակով ընդունելության քննություններ եւ մասնագիտություններ կարող են հայտագրել օտարերկրացիները եւ երկքաղաքացիները, օտարերկրյա ուսումնական հաստատություններն այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ 2022-ի ամառային զորակոչից զորացրված կամ մինչեւ հուլիսի 31-ը զորացրվող քաղաքացիները եւ առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են նաեւ, որ առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաեւ հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։ Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։
Հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննությունները: Նրանք մասնակցելու են թափուր մնացած տեղերի մրցույթին։