Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը գործընկերների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը:
Բյուրոյի թվիթերյան գրառման մեջ նշվել է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւը հրաժարվել է քննարկմանը մասնակցելուց:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասված է գրառման մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Փարիզը առանց որեւէ խորհրդակցության փետրվարի 24-ից ի վեր ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: «Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,- նշել էր ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Զախարովան այդ քայլն «անպատասխանատու» որակելով՝ հավելել էր, որ ձեւաչափից հրաժարվելու պատճառների վերաբերյալ որեւէ հստակ պարզաբանում չի եղել: