Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանին:
Անկարայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպումը անցկացվել է մամուլի համար փակ ռեժիմով: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ պաշտոնական այցով Թուրքիա մեկնած Աբդուլահիանը հանդիպում էր անցկացրել Չավուշօղլուի հետ, ապա կողմերը հանդես էին եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Ավելի վաղ թուրքական Milliyet պարբերականը գրել էր, որ այս օրերին Իսրայելի ու Իրանի միջեւ լրտեսական պատերազմներ են տեղի ունենում Ստամբուլի փողոցներում։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական Անկարան դժգոհություն էր արտահայտել իրանական կողմին։ Իսկ Ստամբուլում լրտեսական մարտերը կանխելու համար ստիպված են եղել միջամտել թուրքական հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը։
Պաշտոնական Թեհրանը միայն մեկ անգամ է արձագանքել բոլոր այս պնդումներին՝ նշելով, որ մեկ այլ երկրի տարածքում իրենք մտադիր չեն վրեժ լուծել Իսրայելից։