Խծաբերդում գերեվարվածների հարազատները մի քանի ժամ բողոքի ցույց են անցկացրել Գյումրիում՝ Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության մոտ։ Նրանք պահանջում են շտապ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գերությունից ազատելու եւ տուն վերադարձնելու համար։
Գերիների ծնողների խնդրանքով հյուպատոս Ռուսլան Կանդաուրովն ընդունել է գերեվարվածների հինգ հարազատների։ Վերջինս խոստացել է ծնողների պահանջը փոխանցել Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Հանդիպումից հետո գերեվարվածների հարազատները հեռացել են Գյումրիում ՌԴ հյուպատոսության մոտից։
Նախօրեին ավելի քան երեք ժամ տեւած առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով նաեւ գերիների վերադարձի խնդրին, Փաշինյանը հայտարարել էր, որ ներկայում հաստատված գերիների 90 եւ ավելի տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո եւ նրանց պատասխանատվության գոտում։
Նա հավելել էր, որ գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկելու Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը։