Միավորված ազգերի կազմակերպությունը դիմել է համաշխարհային հանրությանը՝ երկրաշարժից տուժած Աֆղանստանի բնակչությանը 110 միլիոն դոլար օգնություն հատկացնելու կոչով:
ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության (ՀՀՀՎ) պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն հայտարարել է, որ 110 միլիոն դոլարի շնորհիվ Փաքթիայի եւ Խոստի նահանգների 362 հազար բնակիչների երեք ամսվա ընթացքում օգնություն ստանալու հնարավորություն կընձեռվի:
Լարկեն պազաբանել է նաեւ, որ դա ընթացիկ տարվա 4,4 միլիարդ դոլար գումարի` 34%-ով թերֆինանսավորված հումանիտար ծրագրի առաջնահերթ մասն է:
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի՝ ներկայում ՀՀՀՎ-ն եւ նրա գործընկերներն, ըստ էության, փոխարինաբար օգտագործում են այլ հումանիտար ծրագրերի գծով տրամադրված միջոցները՝ աֆղանստանցիներին անհապաղ օգնություն ցույց տալու նպատակով։
Հունիսի լույս 22-ի գիշերը 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի Ղազնիի, Քաբուլի, Լաղմանի, Լոգարի, Փաքթիայի եւ Խոստի նահանգներում: Աֆղանստանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ աղետը խլել է հազարից ավելի մարդու կյանք:
Ավելի ուշ թալիբների ժամանակավոր կառավարությունում արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն 2 հազար մարդ։