Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտն ու «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերությունը համատեղ քաղհասարակությանն ու որոշում ընդունողներին են ներկայացրել «Ամուլսար. մարդու իրավունքների խախտումներ եւ շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում» զեկույցը:
«Որ կողմից նայում ես Ամուլսարին, խնդիր կա»
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը նշել է, որ Ամուլսարի շահագործման նախագծի խնդիրը հայկական կողմը ֆեդերացիայի 190 անդամ երկրների ներկայացուցիչներին է հաղորդել դեռ 2019-ին: Արդյունքում այն ճանաչվել է որպես մարդու մի շարք հիմնարար իրավունքների խախտումների համալիր դեպք: «Որ կողմից նայում ես Ամուլսարի խնդրին, խնդիր կա, ուստի որոշեցինք առավել մանրամասն ուսումնասիրել»,- շեշտել է Կիրակոսյանը:
Հանքի շահագործումն ու մարդու իրավունքների պաշտպանության պարտավորություններն անհամատեղելի են
Միջազգային ցանցի ռազմավարական ոլորտների ղեկավար Ֆիդանկա Բաչեւա-ՄաքԳրեյթը նշել է, որ մի կողմից Ամուլսարը Հայաստանի համար դիտարկվում է որպես տնտեսական զարգացման հնարավորություն, մյուս կողմից Հայաստանը մի շարք կոնվենցիաներով ստանձնել է մարդու իրավունքների պաշտպանության պարտավորություններ, որոնք հանքի շահագործման պարագայում անհամատեղելի են: «Հանքարդյունաբերությունից օգուտ ստացողներն ու տուժողները լիովին տարբեր խմբեր են, ուստի կառավարությունը պետք է ջանքեր ներդնի հավասարակշռելու այս երկու նժարները»,- ընդգծել է նա:
Միջազգային փորձագետի որակումները շատ մեղմ են
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը շատ մեղմ համարեց միջազգային փորձագետի որակումները՝ պնդելով, որ Ամուլսարի դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը չունի բավարար գիտական հենք, ինչն ապացուցվել է նաեւ կառավարության պատվերով միջազգային փորձագիտական կազմակերպության ՇՄԱԳ-ի վերանայման արդյունքում:
Հետ կանչել Ամուլսարի նախագծի համար տրված թույլտվությունները
Զեկույցում որոշում ընդունող մարմիններին ուղղված մի շարք առաջարկներ են ներկայացվել՝ համարժեք ուշադրության արժանանալու հույսով: Մասնավորապես, կառավարությանը կոչ է արվել հետ կանչելոու Ամուլսարի նախագծի համար տրված թույլտվություններն ու ապահովել ՄԱԿ-ի միջազգային փորձագետների՝ կոնվենցիաների խախտումների վերացման բոլոր առաջարկությունների իրականացումը: