Անպտղությունը խնդիր է, որն առաջ է բերում տառապանք, վախ, անհանգստություն, բարկություն, մեղքի զգացում եւ անկախ ամեն ինչից՝ հույս: Այն խորապես ազդում է զույգերի փոխհարաբերությունների վրա եւ կարող է շատ գումար ու ժամանակ խլել:
Ըստ տարբեր հետազոտությունների՝ աշխարհում վերարտադրողական տարիքի զույգերի 15 տոկոսն անպտղություն ունի:
Հայաստանում անպտղության մասին հետազոտություններ հաճախ չեն անցկացվում։
1992 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բազմաթիվ ուսումնասիրություններ է արել՝ ճշտելու աշխարհում անպտղության ցուցանիշը: Առաջին ուսումնասիրության արդյունքներով Հայաստանում ամուսնական զույգերի շրջանում անպտղության ցուցանիշը 23,4 տոկոս էր: Երկրորդ ուսումնասիրությունն իրականացվել է 2004 թվականին, գրանցվել է 31,8 տոկոս անպտղություն: 2010-ին անցկացված երրորդ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում անպտղության ցուցանիշը նվազել է մինչեւ 16,8 տոկոս: 2014-ին անպտղության ցուցանիշը կազմել է 14,9 տոկոս, որը ԱՀԿ-ի չափանիշներով մոտ է ճգնաժամային մակարդակին։ Նույն 2014-ի հետազոտության համաձայն` տղամարդկանց անպտղությունը 9,5 տոկոս է, կանանցը՝ 14,9 տոկոս:
Անպտղության հաղթահարման լավագույն միջոցներից մեկը իրազեկվածությունն է: Շատ հաճախ զույգերն ամաչում են դիմել բժիշկներին, ամուսնալուծվում են կամ հրաժարվում խնդրի լուծման այլընտրանքային ճանապարհներից:
Անպտղությունը դատավճիռ չէ, եթե կա պայքարելու ցանկություն
«Ութ տարի ա՝ երեխա չեմ ունենում: Էլ բժիշկ չի մնացել, որ դիմեմ: Բայց ամուսինս ստուգվելու մասին չի էլ մտածում,- պատմում է 34 ամյա Վարդուհին եւ մեջբերում սկեսուրի խոսքերը,- իմ տղան հիվանդ չէ, դու բուժվի կամ հետ գնա հորդ տուն»:
ՀՀ առողջապահության նախարարության սեքսոպաթոլոգիայի գծով գլխավոր խորհրդատու Սեւադա Հակոբյանը, պատմելով անպտղության մասին, ասում է. «Անպտղության բուժումը պետք է սկսել որքան հնարավոր է վաղ։ Եթե իրավիճակը չի փոխվում, զույգը պետք է դիմի կա՛մ արհեստական բեղմնավորման, կա՛մ փոխնակ մոր օգնությանը»:
Լսելով այս խորհուրդները՝ մեր հերոսուհին՝ Վարդուհին, ծանր հոգոց է հանում: Փոխնակ մոր համար գումարը բավարար չէ, արհեստական բեղմնավորումը սկեսուրը համարում է թանկ ու խայտառակ բան ընտանիքի համար, նաեւ կարծում, որ այդ ճանապարհով ծնված երեխան իր տղայինը չէ:
Վարդուհին նաեւ մտավախություն ունի, որ արհեստական բեղմնավորման հետեւանքով օրգանիզմում կակտիվանան ուռուցքածին բջիջները, եւ կմեծանա քաղցկեղի առաջացման հավանականությունը: Բժիշկ Սեւադա Հարությունյանը ժխտում է այդ վարկածը եւ հավատացնում, որ դա պարզապես միֆ է:
Անպտղության դեմ պայքարի ճանապարհը երկար է, բայց ունի լուսավոր ավարտ
Ի տարբերություն Վարդուհու, որն արդեն կորցրել է մայրանալու հույսը, «Հայ» ասոցիացիայի «Հայ մանուկ» ծրագրի շահառու Մելինե Սարգսյանը 13 տարի երազելուց ու պայքարելուց հետո արտամարմնային բեղմնավորմամբ լույս աշխարհ է բերել իր առաջնեկին:
«Երբ իմացա, որ հղի եմ, սկսեցի դողալ, չէի կարողանում խոսել, արդեն բոլոր դժվարությունները, անհաջողությունները, ծախսված գումարները մոռացա: Այդ օրվանից կյանքս փոխվեց»,- երջանկության արցունքների միջից պատմում է Մելինեն:
Մինչեւ «Հայ մանուկ» ծրագրի շահառու դառնալը Մելինեն եւ ամուսինը, որոնք աշխատում են դպրոցում նվազագույն աշխատավարձով, գրեթե 3 միլիոն դրամ են ծախսել հիվանդանոցներում:
Մելինեի երեխան արդեն 3 տարեկան է, բայց մինչ օրս նրանք մարում են 13 տարվա ընթացքում վերցրած վարկերը:
«Մեկիս աշխատավարձով ապրում ենք, մյուսի աշխատավարձով փակում պարտքերը: Ինչ ունենք, ծախել ենք, բայց աղջկաս հենց տեսնում եմ, մոռանում եմ ամեն ինչի մասին»,- պատմում է Մելինեի ամուսինը՝ Արմենը:
Մելինեն հիշում է, թե որքան էր կոտրված ու հիասթափված առաջին էկոյի անհաջող ելքից: Նա այդ դժվարությունների միջով կարողացել է անցնել ամուսնու անսահման հոգատարության ու սիրո շնորհիվ:
«Եթե չլիներ «Հայ» ասոցիացիան, երեւի թե մեր կյանքում այդպես էլ հրաշք չկատարվեր, որովհետեւ հիվանդանոցներում ծախսվող գումարները շատ-շատ մեծ են: Բացի այդ՝ մենք մարզից ամեն օր հասնում էինք Երեւան տրանսպորտով, ինչը շատ դժվար էր»,- հիշում է նա։ Մելինեն երազանք ունի դստեր համար քույր կամ եղբայր լույս աշխարհ բերելու։ Ինքն այժմ 40 տարեկան է, ամուսինը՝ 54:Չնայած պարտքերին, ցածր աշխատավարձին՝ նա ամեն ամիս նվիրատվություն է անում «Հայ» ասոցիացիային:
Չորս տարի առաջ հիմնադրված Հայ ասոցիացիայի հիմնական ծրագիրը «Հայ մանուկն» է, որի նպատակն է խթանել Հայաստանում ծնելիությունը՝ օգնելով անպտուղ զույգերին: Ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լիլիթ Ադիբեկյանն ասում է, որ Հայաստանն ունի լուրջ դեմոգրաֆիկ խնդիր, եւ ամեն յոթերորդ ընտանիքը տառապում է անպտղությամբ:
«Եթե աշխարհում ամեն հայ ամսական հինգ եվրո նվիրաբերի, մի քանի տարուց մենք կկարողանանք աջակցել անպտղությամբ տառապող բոլոր ընտանիքներին »,- ասում է Լիլիթը
Աննա Միրզոյանի կյանքում «Հայ» ասոցիացիան նույնպես կարեւոր տեղ է զբաղեցնում: «Հենց այդ ծրագրի շնորհիվ մեզ համար լույս բացվեց. 12 տարվա սպասումից հետո ծնվեց աղջիկս»,- պատմում է Աննան ու հավելում, որ անպտղության բարձր ցուցանիշ ունեցող Հայաստանում նման ծրագրերը պետք է շատ լինեն:
Աննան ամուսնու հետ 12 տարում բավականին մեծ գումար է ծախսել, այժմ կարծում է՝ լավ կլիներ ավելի շուտ էկոյի դիմել, ու խորհուրդ է տալիս բոլոր զույգերին չվախենալ, չուշացնել: «Հիմա ես հասկանում եմ, թե որքան անիմաստ է եղել իմ կյանքը մինչեւ աղջկաս ծնունդը»,- ասում է Աննան, որ նույնպես ամեն ամիս նվիրատվություն է անում ասոցիացիային:
Թե՛ Մելինեն, թե՛ Աննան բոլոր այն կանանց, որոնք երազում են մայրանալու մասին, խորհուրդ են տալիս հավատալ ու գնալ երազանքի հետեւից՝ չվախենալով երկար ու դժվար ճանապարհից: