ԱՄՆ Դաշնային հետաքննությունների գրասենյակի (FBI) գործակալները առգրավել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական հարցերով փաստաբան Ջոն Իսթմանի ձեռքի հեռախոսը։ Փաստաբանի կարծիքով` FBI-ն հավանաբար գործել է ԱՄՆ արդարադատության նախարարության ցուցումով։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Իսթմանը հայց է ներկայացրել դաշնային դատարան` պահանջելով, որ արդարադատության նախարարությունը վերադարձնի իր ունեցվածքը, արգելափակի քննիչների մուտքն իր հեռախոս եւ ոչնչացնի ձեռք բերված գրառումները։
Թրամփի փաստաբանն իրավապահների ուշադրության շրջանակում է հայտնվել 2021-ի հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա Թրամփի աջակիցների գրոհի գործով։
2021-ի հունվարի 6-ին Թրամփի հազարավոր կողմնակիցներ ներխուժեցին Կապիտոլիում։ Սա Կոնգրեսի շենքի վրա ամենամեծ հարձակումն էր 1812-ի Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի միջեւ պատերազմից հետո: Թրամփի կողմնակիցները պնդում էին, որ 2020-ի նոյեմբերին անցկացված նախագահական ընտրություններում Թրամփը չի պարտվել, եւ փորձում էին օրենսդիրներին թույլ չտալ հաստատել Ջո Բայդենի հաղթանակը:
Վերոնշյալ միջադեպն ուսումնասիրելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը նոր ապացույցներ ստանալուց հետո նախատեսում է լսումները շարունակել գալիք հինգշաբթի։