Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստիոն հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է սատարել Շվեդիայի ու Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը:
Թուրքիայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Շվեդիան ու Ֆինլանդիան իրենց հերթին համաձայնել են լիարժեքորեն համագործակցել Թուրքիայի հետ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի եւ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարումների հարցերում:
Բացի դրանից՝ Շվեդիան, Ֆինլանդիան եւ Թուրքիան որոշում են ընդունել ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական տեղեկությունների փոխանակման հարցում համագործակցության մեխանիզմ ստեղծելու մասին:
Արեւլյան ոճի պրագմատիկ սակարկումներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի 28-ին հեռախոսազրույց են ունեցել:
Էրդողանը Բայդենին հիշեցրել է, որ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսության օրակարգի հիմնական թեմաներից մեկը F-16 ինքնաթիռների գնման եւ թուրքական զինուժում առկա այդ տեսակի ինքնաթիռների արդիականացման հարցն է:
Թուրքիայի ղեկավարը նաեւ քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը Սիրիայում։ Նա ընդգծել է, որ եթե Թուրքիան եւ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ են, ինչպե՞ս է պատահում, որ ամբողջ զենքը մատակարարվում է PYD-ին (Քրդական աշխատավորական կուսակցության սիրիական թեւին):
Որոշակի արդյունքների ակնկալիքով
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ՝ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին միանալու համար Ֆինլանդիան եւ Շվեդիան պետք է հաշվի առնեն Թուրքիայի անվտանգության մտահոգությունները եւ հավելել, որ այլ ելք չի կարող լինել:
Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է արդեն 70 տարի, եւ իրենք դաշինքի մեջ պատահական երկիր չեն։
Նա նշել է, որ Մադրիդում քառակողմ (Թուրքիա, Շվեդիա, Ֆինլանդիա, ՆԱՏՕ) հանդիպման ընթացքում պարզ կդառնա՝ որն է սկանդինավյան երկրների դիրքորոշումը։
«Մենք դատարկ խոսակցություններ չենք ակնկալում, այլ որոշակի արդյունքներ»,- ասել է Էրդողանը:
Վետոն դնելու եւ վետոն հանելու ժամանակը
Դեռ մայիսի 13-ին, ըստ թուրքական Daily Sabah պարբերականի, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի կարող դրական գնահատել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ Հյուսիսատլանդյան դաշինքին անդամակցելու ծրագրերը:
«Այդ առումով մեզ մոտ դրական կարծիք չկա: Սկանդինավյան երկրներն ասես հյուրատուն լինեն ահաբեկչական կազմակերպությունների համար»,- ասել է Էրդողանը եւ հավելել, որ Թուրքիան կարող է կիրառել ՆԱՏՕ-ի անդամի իր կարգավիճակը՝ այդ երկու երկրների անդամակցության որոշման վրա վետո դնելու համար:
Ըստ ամենայնի Թուրքիայի նախագահը նկատի է ունեցել Քրդական աշխատավորական կուսակցության անդամներին, որոնք ապաստան են գտել Սկանդինավյան երկրներում:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի նախկին կառավարիչները սխալ են թույլ տվել՝ 1952-ին կանաչ լույս տալով Հունաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
«Մենք չենք ցանկանում նույն սխալը գործել երկրորդ անգամ»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Ո՞վ հասավ որոշակի արդյունքի՝ ՆԱՏՕ-ի անբարեհույս խուսանավո՞ղը, թե՞ սկանդինավյան երկու երկրները
Գերմանական մամուլն Էրդողանին ավելի վաղ նմանեցրել էր միջազգային ճգնաժամերից օգուտներ կորզել սիրող խաղամոլի:
«Ցավալին այն է, որ Էրդողանի շանտաժը կարող է նպատակին հասնել: Ֆինլանդիայի եւ Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին չպետք է ձախողվի: Այսպիսով՝ ԵՄ մյուս կառավարությունները ստիպված կլինեն ինչ-որ բան զիջել Անկարայի խաղամոլին՝ քրդական հարցի, սպառազինության կամ էլ Թուրքիայում օրենքի գերակայության համակարգված ոչնչացման երեւույթների հանդեպ աչք փակելու հաշվին:
Այդպիսով, Թուրքիան կպահպանի ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերոջ կարգավիճակը, մինչդեռ Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի համար կմնա որպես անբարեհույս խուսանավող»,- մասնավորապես նշել է գերմանական հեղինակավոր «Süddeutsche Zeitung» պարբերականը: