«Յանդեքս»-ի մի խումբ վարորդներ բողոքի ցույց են կազմակերպել՝ իմանալով, որ ընկերությունն առանց իրենց՝ վարորդներին ծանուցելու բարձրացրել է տաքսի ծառայության միջնորդավճարը:
Բողոքի ցույցին միացած վարորդների պնդմամբ` միջնորդավճարի բարձրացումից վարորդը չի շահում, գերշահույթ ստանում է ընկերությունը:
Ըստ «Առաջին լրատվական ալիքի»՝ վարորդները անկանխիկ վճարումներից եւս դժգոհում են: Նրանք նշել են, որ կանխիկացման ժամանակ լրացուցիչ գումար է գանձվում:
Հայաստանն՝ ամենացածր միջնորդավճար ունեցող երկրներից
Վարորդների բողոքին պատասխանել է «Յանդեքս» ընկերության տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանը։ Նա նշել է, որ միջնորդավճարի ավելացում լինում է բոլոր այն երկրներում, որտեղ գործում է «Յանդեքս» ծառայությունը: Հայաստանում 6 տարվա ընթացքում միջնորդավճարը բարձրացել է 3 անգամ, այլ երկրներում՝ ամեն տարի: Տնօրենի բնորոշմամբ՝ Հայաստանը ամենացածր միջնորդավճար ունեցող երկրներից է:
Միջնորդավճարի բարձրացումը չեղարկելու պահանջից զատ՝ վարորդները հորդորում են գրանցել իրենց, վճարած միջնորդավճարից էլ հարկեր վճարել պետությանը:
Խնդրի կարգավորման համար վարորդները տնօրենության հետ հանդիպում են պահանջել՝ սպառնալով հակառակ պարագայում ի նշան բողոքի հունիսի 30-ից անջատել «Յանդեքս»-ի ծրագիրը: