Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական «ՏԱՍՍ» գործակալության թղթակցին հայտնել է, որ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել Երեւանի ու Բաքվի մոտեցումները շատ հարցերում:
Մհեր Գրիգորյանը Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական է համարում:
«Դա, անխոս, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները սահմանային ու մաքսային վերահսկողության, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի բազմաթիվ հարցերում»,- ընդգծել է ՀՀ փոխվարչապետը։
Մհեր Գրիգորյանը հավելել է, որ այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են աշխատանքը ավտոմոբիլային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման առնչությամբ տարբեր հարցերի լուծման ուղղությամբ: