Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ չորս ժամ տեւած առցանց ասուլիսում խոսել էր հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմից, հակամարտության կարգավորման ներկա ընթացքից, ապաշրջափակումից, սահմանազատումից ու սահմանագծումից։
Փաշինյանն ասուլիսը կազմակերպել էր հապճեպ՝ առանց ինչ-որ «հատուկ» շարժառիթի, սակայն առաջին իսկ հարցից շարժառիթը նշմարվեց։
Դատելով Փաշինյանի խոսքերից՝ ճգնաժամ է հասունացել հայ-ադրբեջանական բանակցություններում, ադրբեջանական կողմը նախ չեղարկել է ԱԽ քարտուղարի եւ Ալիեւի խորհրդականի հանդիպումը, ապա չի ընդունվել ԱԳ նախարարների հանդիպման առաջարկը։ Հետեւությունները՝ հնարավոր սահմանային սրացումներ եւ նոր պատերազմի ուրվական. «Ադրբեջանի խոսույթը մեծ խնդիր է։ Միջազգային հանրությունն արձանագրում է, որ Հայաստանն ամեն անգամ փորձում է լինել մաքսիմալ կառուցողական, սակայն ի պատասխան՝ տեսնում ենք Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը։ … Այսպես կաթիլ-կաթիլ փորձում են ընդդեմ Հայաստանի եւ ընդդեմ Արցախի նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել»,- հայտարարում է Փաշինյանը։
Մյուս կողմից՝ լսելի են Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները («Հայաստանը պետք է իր տեղը ճանաչի», «ձգձգում է ժամանակը», «ռեւանշիստական ուժեր կան»), որոնք ցույց են տալիս, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում լարվածություն եւ բանակցային փակուղի են նշմարվում։
Վերջիվերջո, ի՞նչ են ուզում կողմերը, որո՞նք են հնարավոր սցենարները եւ, ըստ այդմ, Հայաստանի մարտավարական ու ռազմավարական հնարավորությունների շրջանակը բանակցային գործընթացում։
Տարբերակ Ա
Տարածաշրջանի «խաղաղության եւ կայունության երաշխավոր» Ռուսաստանն իր պլանները գրի է առել դեռ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ըստ որի՝ ստեղծվում է Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհ՝ ռուսական սահմանապահ ծառայության վերահսկողությամբ։ Այսինքն՝ Ռուսաստանը եւս մեկ լծակ է ստանում Ադրբեջանի վրա՝ ապագայում նրան ԵԱՏՄ-ում ներառելու հեռահար նպատակն ունենալով աչքի առաջ։
Ռուսաստանն այս պարագայում առաջնորդվում է գերմանական «Wandel durch Handel» («Փոխել առեւտրի միջոցով») կարգախոսով, որը ենթադրում է կոնֆլիկտների լուծում առեւտրի՝ նյութական շահի տեսանկյունից։
Հիմա Ռուսաստանն, այդ կոմունիկացիաները բացելով, հույս ունի բերելու «խաղաղության դարաշրջան» եւ ժողովուրդներին վերադարձնելու «հին ու բարի» ԽՍՀՄ օրեր, երբ բոլորը գոհ էին, երջանիկ եւ հաշտ ու համերաշխ առեւտուր էին անում։ Դա՝ առաջնային նպատակը։ Այս տարբերակի իրագործման պարագայում, ի վերջո, ռուսական քավորությամբ ճանապարհը բացվում է։
Տարբերակ Բ
Ադրբեջանն ընդդիմանում է այդ սցենարին եւ սառեցնում հակամարտությունը։ Պարզ է, որ ռուսական պայմաններով «միջանցքը» հաղթած պատերազմի լավագույն ելքը չէ Ալիեւի համար։ Դրա համար Ալիեւը խոսում է Լաչինի կարգավիճակին զուգահեռ «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ այս դեպքում արդեն ցանկալի երկկողմ (հայ-ադրբեջանական) պայմանավորվածությամբ։ Այս սցենարին դեմ չեն եվրոպացիներն ու ամերիկացիները, եթե Հայաստանը կողմ լինի։ Հայաստանն իր հերթին կողմ է կոմունիկացիաների բացմանը, դեմ է ադրբեջանական «միջանցքին» եւ կողմ՝ «ռուսական միջանցքին»։ Այս իրավիճակում եղած դիրքերը սառեցվում են, ստեղծվում է նոր «ստատուս քվո»։
Տարբերակ Գ
Ռուսաստանի նպատակն է ամեն գնով բացել կոմունիկացիաները։ Ռուսաստանը հարկադրում է Հայաստանին՝ ընդունել ադրբեջանական ֆորմատի «միջանցքը»։ Ռուսաստանը զիջումներ է անում Ալիեւին Հայաստանի հաշվին։ Ստացվում է խաղաղության ու բարեկամության «ռուս-ադրբեջանական միջանցք»։
Այս բոլոր տարբերակներն էլ հնարավոր են՝ թե՛ ռուսական կամ ադրբեջանական ֆորմատներով բացվելը, թե՛ ներկա վիճակի սառեցումն ու նոր ստատուս քվոն։ Այլ հարց է Հայաստանի պարագան, որովհետեւ ցանկացած տարբերակով մենք հետեւելու ենք կոնֆլիկտի լուծման «բանալիների տիրոջ»՝ Ռուսաստանի գծին։
Սրանք, իհարկե, սցենարներ են, որոնք բոլորն էլ գոյության իրավունք ունեն եւ այս կամ այն կերպ շրջանառվում են կողմերի բանակցություններում։ Ավելին՝ այս սցենարներն է՛լ ավելի են բարդանում, եթե դրանց ենք գումարում բազմաթիվ անհայտներ՝ այլ հավասարումներից։ Իսկ դրանք քիչ չեն՝ թուրքական գործոն, ռուս-թուրքական «առեւտուր», Ուկրաինայի պատերազմի միջանկյալ արդյունքներ, Արեւմուտք-Ռուսաստան հակադրություն, 3+3 ֆորմատի կենդանացման փորձեր եւ հոգեվարքի մեջ գտնվող Մինսկի ձեւաչափ։
Ինչ էլ լինի, Հայաստանի իշխանությունների առաջնային ու հիմնական նպատակը պետք է լինի պրոակտիվ դիվանագիտությունը, կողմերի ուժեղ եւ թույլ դիրքերի գնահատականը, ծայրահեղությունների ու վախերի մեջ չընկնելը եւ, ամենակարեւորը, լուծումներից ու բանակցություններից փախուստի բացառումը, որքան էլ դրանք անցանկալի, քաղաքական վարկանիշի կորուստներ ենթադրող ու ոչ պոպուլյար լինեն։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։