ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը հայտարարել է, որ կարիք չկա երեւակայական թշնամիներ փնտրելու Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ արհեստականորեն տարաձայնություններ եւ հակասությոններ ստեղծելու: Նա շեշտել է, որ Չինաստանը վճռականորեն դեմ է ՆԱՏՕ-ի ներքաշմանը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործերին, ինչպես նաեւ այնտեղ այդ դաշինքի նմանօրինակի ստեղծմանը։
Չժան Ցզյունը նշել է, որ Պեկինն ուշիուշով հետեւում է ՆԱՏՕ-ի ռազմավարական շտկումներին եւ չափազանց անհանգստացած է իր ռազմավարական հայեցակարգում շտկումներ մտցնելու դաշինքի ծրագրերից:
Չինացի դիվանագետը, հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, նշել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները վերջին ժամանակներս մյուս պետությունների համար սպառնալիք են ներկայացնում: Բայց փաստն այն է, որ ՆԱՏՕ-ն ինքն է խնդիրներ ստեղծում աշխարհի տարբեր տարածաշրջաններում:
«Կոչ ենք անում ՆԱՏՕ-ին՝ դասեր առնել եւ Ուկրաինայի ճգնաժամը որպես պատրվակ չօգտագործել համաշխարհային առճակատումը խորացնելու եւ նոր սառը պատերազմ հրահրելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչը։
Դեռ 2021-ի փետրվարին ԱՄՆ-ը եւ նրա հնդկա-խաղաղօվկիանոսյան դաշնակիցները Չինաստանին զսպելու նպատակով դաշինք ձեւավորելու ուղղությամբ ջանքեր էին գործադրում:
Մասնավորապես, Ճապոնիայի կառավարությունը կողմ էր արտահայտվել ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Հնդկաստանի եւ իր միջեւ անվտանգության քառակողմ երկխոսության դաշինքի (QUAD) շուտափույթ ստեղծմանը:
Պաշտոնական Պեկինը դատապարտել է «քառյակի» ստեղծման փորձը՝ դրանում «խաղաղօվկիանոսյան ՆԱՏՕ» ստեղծելու միտում տեսնելով: