Ամենեւին զարմանալի չէ, որ Հայաստանի մայրաքաղաքում հայերը խոսում են հայերեն։ Զարմանալին այն է, որ ռուսերեն են խոսում, բայց կարծում են, թե խոսում են հայերեն։
Երբ Երեւան ժամանեցի, առաջին հայերեն բառը, որ իմացա, «красавчик»-ն էր՝ «սիրուն տղա»։
Իմ առաջին տանտերը կանգնած էր հացի փռի անավարտ շինության մուտքի մոտ իր շատ ռուսական տեսքով՝ մարզահագուստով, ուսով անցկացված պայուսակով, որում շուկայի առեւտրականները կանխիկ գումարն են պահում, եւ նախաբազկին հսկայական դաջվածքներով։
«Չէ,- ասաց նա հեռախոսով խոսելիս,- հա, լավ»: Հետո՝ հայերեն բազմաթիվ այլ բառեր եւ հանկարծ՝ «Красавчик!», ու անջատեց հեռախոսը: Սկզբում մտածեցի, որ դա հավանաբար «ցտեսության» նման մի բան է, որ այստեղ ընդունված է հրաժեշտ տալիս ընդգծել զրուցակցի գեղեցկությունը։
Այնուամենայնիվ հարցրի. «Իսկ ինչպե՞ս կլինի հայերեն «красавчик»-ը: Արտակը պատասխանեց՝ «красавчик»:
Հետո նման բառեր շատ լսեցի: Հունիսյան գիշերվա կայծակի լույսի պես նրանք բռնկվում էին օտար լեզվում՝ «шлагбаум», «подвал» եւ նույնիսկ «пальто».
Ես համառորեն փորձում էի հասկանալ՝ մի՞թե հայերենում «шлагбаум»-ի համարժեք բառը չկա: «Կա,- բացատրեցին ինձ։- Դա առարկայի գործառույթը նկարագրող բարդ բաղադրիչներով բառ է: Մոտավորապես «ճանապարհը փակող փայտ»-ի պես մի բան (ուղեփակոց): Եթե այդպես ասենք, ոչ ոք չի հասկանա»։
Այդ բառը գալիս է այն ժամանակներից, երբ шлагбаум-ներ չեն եղել։ Նման իրավիճակներ կան նաեւ այլ հին լեզուներում, օրինակ՝ եբրայերենում։ Հին հրեաները, ինչպես դժվար չէ կռահել, չունեին ավտոբուսներ եւ հեռուստացույցներ: Չկային նաեւ համապատասխան բառերը: Սակայն կյանքը փոխվում է, եւ ժամանակակից եբրայերենում այժմ հարմարավետ տեղավորվել են «отобус» и «телевизия» բառերը, որոնք հեշտությամբ ընկալելի են եվրոպական, այդ թվում՝ ռուսական ականջի համար։
Գլոբալիզացիան սկսվել է շատ ավելի վաղ, քան հայտարարվել է թերթերում։ Ի վերջո «шлагбаум» բառը ոչ թե ռուսական, այլ գերմանական ծագում ունի։ Այն պարզապես այնքան վաղուց է արմատավորվել մեր լեզվում, որ հարազատ է թվում: «Иль мне в лоб шлагбаум влепит непроворный инвалид»,- գրել է Պուշկինը «Կայարանի դիտորդը» պատմվածքում: Իսկ որտեղ Պուշկինն է, այնտեղ էլ ռուսաց լեզուն է։ Բայց կան բաներ, որոնք հնարավոր չէ գլոբալիզացիայով բացատրել։
Բազմիցս լսել եմ, թե ինչպես են հայերը հայերենով իրար երկար ու մանրամասն ինչ-որ բան բացատրելուց հետո վերջում հանկարծ ասում՝ «Всё!». Այսինքն՝ ես վերջացրել եմ, սրանով ավարտում ենք:
Ես իհարկե գիտեմ, որ «всё» բառը հայերենում հաստատ համարժեք ունի, բոլոր լեզուներում էլ այն կա, բայց հույզերի ամբողջականությունը փոխանցվում է ռուսերենով։ Այս անսպասելի «всё»-ի մեջ ինչ-որ ապոկալիպտիկ բան կա, ամեն անգամ այն լսելիս ցնցվում եմ։ Մեջս ցանկություն է առաջանում ավելացնելու. «Իհարկե վերջ, մեր վերջը եկել է, այլեւս ոչինչ լինել չի կարող»:
Ռուսերեն բառերի առատությունը հայերեն խոսքում կարելի է բացատրել մի քանի պատճառներով:
Պատճառ առաջին՝ телевизор։ Ռուսական եւ ռուսամետ ալիքներն այստեղ ոչ միայն արգելված չեն, այլեւ տեղեկատվության հիմնական աղբյուրներից են։ Հարցն անգամ քաղաքականության մասին չէ: Ռուսական սերիալներ դիտելու համար, իսկ ուրիշ բան հիմնականում չկա էլ, պետք է ռուսերեն հասկանալ։ Հայկական ռուսերենն Առաջին ալիքի, ТНТ-ի, Рен-ТВ-ի հեռուստասերիալների լեզուն է:
Պատճառ երկրորդ՝ տնտեսական կախվածություն։ Yerevan City սուպերմարկետի տեսականու մոտ կեսը համընկնում է «Пятерочка»-ի եւ «Магнолия»-ի տեսականու հետ։ Եվ ամենուր ռուսական նշումներ են: Ներս ես մտնում ու վայելում ճանաչման բերկրանքը։ Դու ներգաղթել ես, քեզ հետ եկել է նաեւ «Сок добрый» հյութը։ Դա սուպերմարկետի ռուսերենն է, դու առնչվում ես դրան ամեն օր:
Պատճառ երրորդ՝ կրթություն: Շատերը դպրոցում սովորել եւ շարունակում են սովորել ռուսերեն: Կան ռուսական դպրոցներ, շատ չեն, բայց բազային դպրոցներ են: Եթե նույնիսկ դպրոցը ռուսական չէ, ռուսերենն, ամենայն հավանականությամբ, այնտեղ երկրորդ լեզուն կլինի։ Փորձի՛ր չիմանալ լեզուն:
Հարեւանս ֆրանսահայ է։ Ո՛չ ռուսերեն գիտի, ո՛չ էլ անգլերեն։ Խոսում է միայն ֆրանսերեն ու հայերեն։ Քառասուն տարի առաջ է հեռացել Երեւանից եւ այժմ ժամանակ առ ժամանակ գալիս է։
Մենք ծանոթանում ենք, նա կնճռոտում է ճակատը, փորձում ինչ-որ բան հիշել, եւ հանկարծ պատահականորեն մտքում ծագում է քառասուն տարի առաջ Երեւանի դպրոցում սովորած մի արտահայտություն՝ «А что случилось?» (Ի՞նչ է պատահել): Ինչ է պատահե՞լ, պատերազմ է, Վարդա՛ն։
Չնայած իր մոնոէթնիկությանը՝ Հայաստանը բազմամշակութային երկիր է։ Եվ այս առումով այն նման է Իսրայելին։ Էթնոսը մեկն է, իսկ մշակույթները տարբեր են։ Այստեղ կարելի է հանդիպել ոչ միայն ֆրանսահայերի, այլեւ ամերիկացի կամ, օրինակ, գերմանացի հայերի։ Հատկապես ամռանը։ Ամռանը հայերը սիրում են այցելել իրենց հայրենիքը։
Կան պատերազմից փախած սիրիահայեր: Նրանց այստեղ հատուկ գորովանքով են վերաբերվում։
Լիբանանահայերը խոսում են ֆանտաստիկ գեղեցիկ, շատ ազնվական անգլերեն, ինչը իրենք՝ բրիտանացիները, վաղուց մոռացել են։
Լիբանանյան սրճարանները համեղ ուտեստներ են պատրաստում, եւ դրանք շատ ավելի էժան են, քան հայկականը։ Իմ տան մոտ՝ փողոցի անկյունում, պարսկական սրճարան կա։ Այն աշխատեցնում են իրանահայերը, մուտքի մոտ արաբերեն գրի նման մի բան է պատկերված: Ամբողջ օրը նարգիլե են ծխում, նարդի խաղում ու հեռախոսով խոսում Թեհրանի հետ։
Բայց ամենաշատը ռուսներն են։ Նրանք հայեր են, ովքեր ծնվել են Ռուսաստանում կամ երկար ժամանակ ապրել այնտեղ։ Երբեմն ինձ ասում են. «Ես ապրում էի Ленинский պողոտայում», «Իսկ ես Васильевский остров-ում»: Եվ ցույց են տալիս կացության թույլտվության ճմռթված ներդիրն անձնագրում։
Մեզ նման ներգաղթած շատ ռուսահայեր կան. նրանք էությամբ ռուս են, միայն ազգանուններն են հայկական։ Նրանք երբեք չեն ապրել Հայաստանում, լավագույն դեպքում ծնողներից սովորել են հայերեն մի քանի բառ եւ մշակույթի որոշ տարրեր: Նրանցից շատերը դժգոհում են, որ հայերենը դժվար լեզու է, այս հարցում ես համաձայն եմ նրանց հետ։ Նրանք խոսում են սխալներով, դժվարությամբ, ջանք գործադրելով, եթե ընդհանրապես խոսում են, բայց նրանց ըմբռնումով են վերաբերվում։ Ինչպես ժամանակին ինձ Ամերիկայում:
Չիկագոյի սահմանային հսկողության կետում սպան ինձ մի բան հարցրեց, ես չհասկացա։ Պատասխանեցի անգիր արած արտահայտությամբ. «Կներեք, բայց ես լավ չեմ խոսում անգլերեն»։ Նա անմիջապես ժպտաց, ավելի բարի դարձավ եւ ասաց մոտավորապես հետեւյալը։ «Մի՛ նեղվիր, եղբա՛յրս, ամեն ինչ կարգին է։ Երկրի կեսն այստեղ վատ է անգլերեն խոսում»։
Կան նաեւ այնպիսիք, ովքեր տարիներ առաջ արտագնա աշխատանքի են գնացել, իսկ պատերազմի բռնկումից հետո վերադարձել են։ Ինչ-որ չափով նրանց կարելի է անվանել աշխատանքային միգրանտներ: Եվ քանի որ Ռուսաստանն այժմ վաստակի առումով ամենագրավիչ երկիրը չէ, շատերը վերադառնում են։ Հիմա աշխատանքային միգրանտը ես եմ։ Ինձ այստեղ հաճախ են հարցնում. «Եկել ես հանգստանալո՞ւ, թե՞ աշխատելու»: Ստացվում է՝ աշխատելու, քանի որ սա հանգիստ չես անվանի։
Նրանք, ովքեր ապրել եւ աշխատել են Ռուսաստանում, ռուսերեն խոսում են ինչպես ես, չհաշված առոգանությունը, բայց Մոսկվայում անհնար է որեւէ մեկին առոգանությամբ զարմացնել, բոլորն ունեն առոգանություն։
Ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում աներեւակայելի բարձր է։ Ինձ ասացին, որ մեծահարուստները, երբ իրենց երեխաների համար դայակ են վարձում, նախապատվությունը տալիս են ռուսերեն իմացողին կամ ուղղակի ազգությամբ ռուսի են աշխատանքի վերցնում։
Մոտավորապես 150 տարի առաջ նույնը ռուս ազնվական ընտանիքներում էր։ Երեխաների համար ֆրանսերենի իմացությամբ կամ պարզապես ֆրանսուհի դայակ էին ընդունում:
Միգուցե շուտով ամեն ինչ փոխվի։ Անհասկանալի է, թե ինչպիսի ապագա են նախապատրաստում իրենց երեխաների համար՝ նրանց կողմնորոշելով դեպի ռուսական մշակույթը, որն արագորեն ամբողջ աշխարհում վերածվում է թշնամու մշակույթի: Համենայնդեպս առայժմ այդպես է։
Ռուսաց լեզվի ներխուժումն ապահովում են հենց հայերը։ Սա կարեւոր հանգամանք է։ Լեզուն պարտադրված չէ, այդպես հարմար է իրենց՝ իմանալ, խոսել այդ լեզվով, հայերեն խոսքի մեջ ռուսերեն բառեր օգտագործել։
Դա տեղի է ունեցել ինքնբերաբար՝ ելնելով կյանքի պայմաններից։ Եվ ամենեւին հասկանալի չէ, թե ինչու պարտադրել։ Բայց հենց դա է անում է ՌԴ ԱԳՆ-ն՝ գրեթե յուրաքանչյուր ռուս-հայկական բանակցությունների ժամանակ լեզվի թեման առաջ քաշելով։ Եկեք ավելի շատ ռուսական դպրոցներ բացենք, ռուսերենի ուսուցումը պարտադիր դարձնենք, իսկ ռուսերենը դառնա համարյա երկրորդ պետական լեզու։
Ռուսաստանին բավական չէ, որ իրեն սիրում են, իսկ այստեղ իսկապես սիրում են, իմ կարծիքով՝ ոչ այնքան արժանի: Բայց չէ՛, պետք է ստիպել սիրել։ Ուժով: Այդպիսին է սադիստական կայսերական մտածելակերպը։ Պատմությունը ցույց է տվել, որ հակազդեցությունից բացի այն ոչինչ չի կարող առաջացնել:
Խարկովը, որտեղ ինձ հետ խոսում էին միայն ռուսերեն եւ, ընդհանուր առմամբ, ամենաքնքուշ զգացմունքներն էին տածում իմ հայրենիքի հանդեպ, այժմ ավերակների տակ է, որը համեմատելի է Ստալինգրադի հետ: Եվ դա իրականացրել են ռուսաց լեզվի պաշտպանները։
Ռուսաց լեզուն եւ ռուսական մշակույթն այնտեղ վախ եւ ատելություն են առաջացնում նույնիսկ այն մարդկանց մեջ, ովքեր շատ էին սիրում ռուսական աշխարհը։ Բայց կա մեկ այլ Ռուսաստան, ինչպես երեսունականներին ու քառասունականներին կար մեկ այլ Գերմանիա։
Գարնանը այդ Ռուսաստանի մի մասնիկ տեղափոխվեց Հայաստան։ Այդ կապակցությամբ հայոց լեզվում հայտնվեց մի նոր բառ, որն այժմ Երեւանում հասկանում են բոլորը: Այս բառը «այթիշնիկն» է։ Տանտիրուհիս հայերենով ինչ-որ բան էր բացատրում հարեւանուհուն եւ, մատով ցույց տալով իմ կողմը, ասաց՝ «այյթի»: Թեեւ հարյուր անգամ նրան ասել եմ, որ ես այթիշնիկ չեմ, այլ լրագրող։ Ըստ երեւույթին, ժամանակակից հայերենում «այթի» բառն այժմ նշանակում է «ռուս»։ Հայերենի բառապաշարը հարստացել է:
Թարգմանեց Կարինե Դավոյանը
Մոսկովյան լրագրող, գրող, գրաքննադատ, հինգ գրքերի հեղինակ։ Հեռացել եմ Ռուսաստանից, տեղափոխվել Հայաստան, որպեսզի շարունակեմ անել այն ինչ արել եմ ամբողջ կյանքում, բայց ավելի լավ։