Գյումրիում հունիսի 29-ին մեկնարկել է հաշմանդամություն ունեցող (սահմանափակ հնարավորություններով) անձանց հանրապետական 19-րդ մարզական փառատոնը: Ըստ «Արմենպրես»-ի՝ մարզական այս միջոցառմանը մասնակցում է 80 մարզիկ հանրապետության բոլոր մարզերից:
Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի եւ Հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության աջակցությամբ:
Փառատոնի կազմակերպիչ, Հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Գրետա Վարդանյանը հայտնել է, որ փառատոնի շրջանակում հաշմանդամություն ունեցող մարզիկներն իրենց ուժերը չափում են յոթ մարզաձեւերով՝ լող, ծանրամարտ, բոչա, սայլակներով բասկետբոլ, սայլակներով վազք, շախմատ, թենիս։ Վարդանյանը նշել է, որ նախկինում միջոցառումը հիմնականում անցկացվել է Ծաղկաձորում:
Ֆեդերացիայի նախագահը հավելել է, որ միջոցառման գլխավոր նպատակը հաշմանդամային սպորտի զարգացմանն ու հանրայնացմանը նպաստելն է, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին մեկ անգամ եւս բարձրաձայնելը: